Հանրապետության տարբեր քաղաքներից, այդ թվում' Ստեփանակերտից, լուրեր են ստացվում, որ հանցավոր վարչախումբը չի հրաժարվում ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման իր ծրագրից:
Փաստորեն, վարչախումբը փոխել է իր մարտավարությունը: Սկզբում նա ծրագրել էր նախ Երևանում թանկացնել ավտոտրանսպորտի վարձավճարը, իսկ դրանից հետո առանց դիմադրության նույնն անել մյուս քաղաքներում: Սակայն Երևանում հանդիպելով քաղաքացիական ակտիվի աննախադեպ դիմադրությանը, նա որոշել է ժամանակավոր նահանջ կատարել և իր կամքը առանձին-առանձին պարտադրել քաղաքացիական ակտիվի համեմատաբար ավելի քիչ ռեսուրս ունեցող փոքր քաղաքներին, իսկ այնուհետև կատարված փաստի առաջ կանգնեցնել մայրաքաղաքի ժողովրդին ու փորձել իր ամբողջ ռեսուրսի կիրառման միջոցով հաստատել նախատեսվող վարձավճարը:
Վստահ ենք, որ հանրապետության մյուս քաղաքներում ևս ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման քայլերը հանդիպելու են քաղաքացիական ակտիվի, ապա նաև' բնակչության մեծ մասի գործուն դիմադրությանը:
Ակնհայտ է, որ երկրում տիրող համակարգային ճգնաժամի պայմաններում իրադարձությունների զարգացումը դուրս է գալու դիտարկվող հարցի ու տվյալ քաղաքների տարածքների շրջանակներից և աստիճանաբար վերածվելու է համակարգային հարցադրումներ հետապնդող համաժողովրդական ընդվզման ալիքի' այդտեղից բխող հետևանքներով հանդերձ:
Մենք նաև զգոնության կոչ ենք անում Երևանի և հանրապետության մարզերի քաղաքացիական ակտիվին, առաջին հերթին' երիտասարդությանը, և հորդորում ենք պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին:
Համոզված ենք, որ իր երկրին ու ճակատագրին տեր կանգնող ժողովուրդն այս հարցում նույնպես հասնելու է իր նպատակին' ևս մեկ քայլով մոտեցնելով մեր արժանապատվության և իրավունքների համար մղվող համընդհանուր պայքարի հաղթական ավարտը: