Օգոստոսի 30-ին ՀՀ Վարչական դատարանում դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունենալու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունն՝ ընդդեմ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեց հայցվոր կողմը' Վահե Էլոյանը:
Վերջինս դատարանից պահանջում է «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» թիվ 570-Ա որոշումն ամբողջությամբ վերացնել, հայցվորին իր նախկին պաշտոնում վերականգնելու և պատասխանողից հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար' հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար սկսած բռնագանձել:
Հիշեցնենք, խոսքը վերաբերում է 06.06.2013 թվականի կառավարության որոշմանը: Այդ օրը կառավարության նիստում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հրապարակավ հայտարարեց եւ դիմեց իր վերադասին' վարչապետ Տիգրան Սարգսյանին, ընդունել իր աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից ազատման դիմումը: Յուրի Վարդանյանը նշել էր, որ Վահե Էլոյանը աշխատանքից ինքնակամ է դուրս գալիս: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Ավելին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի խոսնակ Ավետիք Բաբաջանյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հետո նշել էր, թե Վահե Էլոյանը նախարարի հրամանով այլ աշխատանքի է անցել նախարարությունում: Այս տեղեկատվությունը եւս իրականությանը չէր համապատասխանում:
Իսկ դատարանում որպես պատասխանող կողմ, ըստ DataLex.am կայքի, ներգրավված է ՀՀ կառավարությունը: Դատարան կհրավիրվի՞ արդյոք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը՝ պաշտոնական կայքում նշված չէ:
Փայլակ Ֆահրադյան