Lragir.am. Եւ այսպես, ինչո՞ւ էր Պուտինը ժամանել Բաքու: Ակնհայտ է, որ դա հերթապահ այց էր, քանի որ այն ամենը, ինչ ստորագրվել է, ներառյալ այն, ինչի մասին չէր հայտարարվել, կարելի էր անել նաեւ առանց այցի:
Լիովին հասկանալի է, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին, դրանում չի կարող կասկած լինել, իսկ մնացյալ ամեն ինչը որոշվում է տեխնիկական բանակցությունների եւ պայմանավորվածությունների միջոցով:
Ներկայում Պուտինն ու Ալիեւը բավական նման են միմյանց: Երկուսն էլ բազմաթիվ խնդիրներ ունեն իրենց երկրներում, այդ թվում նավթի ու գազի հարցերով, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում, որտեղ երկուսին էլ «վատ են հասկանում»:
Ալիեւի առաջ իր «անհատական» միջազգային դիրքերն ուժեղացնելու խնդիր է դրված, եւ այդ խնդիրը լուծվում է ոչ Ռուսաստանում, սակայն, հնարավոր է՝ Ռուսաստանի օգնությամբ: Դժվար թե Մոսկվան ներկայիս վիճակում ունենա օպերացիոն ազդեցության լծակներ կամ միջոցներ, ազդելու համար Ադրբեջանի նախագահի ընտրության հետ կապված իրավիճակի վրա: Այդպիսի լծակներ վաղուց չկան, եւ դա շատ լավ հասկանում են եւ Մոսկվայում, եւ Բաքվում, եւ Արեւմուտքում:
Միեւնույն ժամանակ, Ալիեւը Արեւմուտքի հետ հարաբերություններում սեփական դիրքերն ուժեղացնելու կարիք ունի, որը չնայած Հարավային Եվրոպա գազի մատակարարման հեռանկարներին, ի վիճակի չէ Ադրբեջանի իշխող ռեժիմին քիչ թե շատ տանելի գնահատականներ տալ: Ադրբեջանին ընդունված գնահատականներով դասել են Կենտրոնական Ասիայի պետությունների մոդելին, ինչը ձեռնտու չէ նրա ղեկավարներին:
Սակայն խոսքն իհարկե Ադրբեջանի տարածաշրջանային-քաղաքական պատկանելության մասին չէ. Ալիեւի համար գլխավոր խնդիրը սեփական քաղաքական վիճակն է ու իմիջը: Նրա առաջիկա ընտրությունը պետք է ճանաչվի լեգիտիմ եւ ընդունվի Արեւմտյան հանրության կողմից, որպես լիովին տանելի:
Երբեւէ Ալիեւի իմիջն այսքան կասկածելի չի եղել եւ ստացել որոշակի գնահատականներ: Նույնիսկ շռայլ վարձատրվող հեղինակներն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ի վիճակի չեն որեւէ ներկայանալի բան հրապարակել Ալիեւի եւ Ադրբեջանի մասին, սահմանափակվելով «20 տոկոս գրավյալ տարածքով ու մեկ միլիոն փախստականով»:
Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ առաջատար ընկերությունների աշխատակիցները, որոնք զբաղվում են պետությունների, կառավարությունների, քաղաքական գործիչների իմիջով, ինձ պատմել են, որ չկա Արեւմուտքի առաջատար մամուլում Ադրբեջանի եւ Ալիեւի իմիջի աջակցության հրապարակումների որեւէ հնարավորություն: Լավագույն դեպքում, կարելի է հրապարակել, որ «Ադրբեջանի տնտեսական հաջողությունները տպավորիչ են», սակայն այս դեպքում էլ ստիպված են զուսպ լինել սոցիալական զարգացման գնահատականներում:
Հնարավոր է, Ադրբեջանի շուրջ նման մթնոլորտը նրա վրա ճնշման ու վերահսկողության լծակ է, սակայն, ըստ ամենայնի, դա լիովին իրական վերաբերմունք է, քանի որ Եվրամիության ապարատում սկսել են բացահայտ խոսել այն մասին, որ չեն հասկանում, թե ինչպես հետագայում շարունակեն Ադրբեջանի հետ հարաբերության կառուցումը:
Այս ամենը կապված է որ միայն Ադրբեջանի ներքին իրավիճակի հետ, այլեւ՝ նրա արտաքին քաղաքականության, որը սպառնալիքի տակ է դնում անվտանգությունը տարածաշրջանում եւ նյարդայնացնում ոչ միայն Արեւմուտքին, այլեւ Արեւմուտքի պայմանական «հակառակորդներին»:
Տվյալ իրավիճակում մնում է հին եւ Ալիեւի գուցե միակ խաղադրույքը՝ Արեւմուտքին գրգռել Ռուսաստանի հետ մերձեցման հեռանկարով: Այդ դեպքում, խաղադրույքը մեծ է, եւ չարժեր էլ նույնիսկ քննարկել ոչ Ղարաբաղի, ոչ էլ զենքի մատակարարումների հարցերը, մեկ այցն այսօրվա դրությամբ բավական է: Այսինքն, Ալիեւն ընտրում է «իրական քաղաքականության» գռեհիկ տարբերակը, եւ Պուտինի համար հեշտ չէր ընդունել այդ պասաժը, սակայն ընդունեց: Ինչո՞ւ:
Ռուսաստանի երկդիմի, մերկանտիլ-անիմաստ քաղաքականությունը նրան հասցրել է Հարավային Կովկասում գլխավոր դիրքերի կորստի եզրին: Ոչ մի լավ բան չեն խոստանում հարաբերությունները ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի հետ: Ընդ որում, պարզվում է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունից ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակի համար, եւ ողջ պատասխանատվությունը դրվում է Պուտինի վրա, որին փորձել են պատնեշել հիմար քարոզչության օգնությամբ:
Ռուսաստանցի փորձագետների վկայությամբ, որոնք աշխատում են ոչ լսարանի համար, ռուսական բոլոր երեք հիմնական հատուկ ծառայությունները բացասական վերաբերմունք ունեն Հարավային Կովկասի հանդեպ Ռուսաստանի ներկայիս քաղաքականության հարցում, միեւնույն ժամանակ չփորձելով ակտիվություն ցուցաբերել սեփական կարծիքն ու դիրքորոշումն արտահայտելու հարցում:
Ռուսաստանի ռազմական շրջանակներն ընդհանրապես ի վիճակի չեն հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում (եւ ոչ միայն) ռուսական քաղաքականության մեջ: Բացի այդ, Մոսկվայում որոշակի քաղաքական շրջանակներ կցանկանային «վերահեռարձակել» սեփական «անհասկացողությունը» հայ հեղինակների միջոցով: Դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:
Տվյալ սկանդալային հանգամանքները նշանակում են ռուսական քաղաքականության կոնյուկտուրայնության եւ փակուղայնության եւ սպասվելիք տապալման խոստովանություն: Միջազգային քաղաքականության գծով ռուսաստանցի նշանավոր փորձագետի խոստովանությամբ, «ինչպես էլ մեկնաբանվի Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, եթե ստիպված ենք դիմել մուսուլմանական երկրների ծառայություններին՝ քրիստոնեական երկրներին ինչ որ բանում համոզելու նպատակով, ապա մեր գործերը շատ վատ են»:
Այս անգամ Պուտինին առաջարկել են Հարավային Կովկասի բոլոր աղետների «ոսկե բանալին». Փորձել մերձենալ Ադրբեջանի հետ, այդպիսով տարածաշրջանի մյուս գործընկերներին եւ գլխավորը՝ Արեւմուտքին ցուցադրելով տարածաշրջանում ձեռք բերված դիրքերը:
Սակայն, Ադրբեջանը, համենայնդեպս ներկայիս իշխող ռեժիմը շատ լավ է հասկանում, որ ինքը գոյություն ունի ոչ թե այն պատճառով, որ կա Ռուսաստանի կամ Թուրքիայի աջակցությունը, այլ շնորհիվ «հովանոցի», որն ապահովում են ամերիկացիները: Բավական է Ալիեւի մեկ արտահամակարգային քայլը, եւ նրա ռեժիմն անմիջապես կտապալվի: Սակայն այդ քայլն Ալիեւը երբեք չի անի, դա հավասար է մահվան, նա կարող է միայն ազդանշաններ տալ Արեւմուտքին առ այն, որ կարող է ազատության այս կամ այն աստիճանի «շարժումներ» անել, որը նրան թույլատրված է:
Մոսկվան հիանալի հասկանում է հեռանկարները եւ ունի պատկերացումներ Ադրբեջանի իրավիճակի «ազատության աստիճանի» մասին, սակայն, չնայած դրան, ընդունել է հրավերը:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունը, մատնելով իր ուժեղ ու թույլ կողմերը թեկուզ եւ իր առաջնորդների դեմքի արտահայտությամբ: Տվյալ այցի արդյունքում որեւէ սկզբունքային փոփոխություն տեղի չի ունեցել, «պարզապես հանդիպել են երկու միայնակ մարդ», սակայն առայժմ խարույկը չի վառվում: Իսկ եթե վառվի, ով ավելի շատ կայրվի...  

Իգոր Մուրադյան