Եգիպտոսի ոստիկանության տվյալներով, նվազագույնը 91 մարդ է մահացել Եգիպտոսի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ընդհարումների հետևանքով' նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների հայտարարած «Ցասումի ուրբաթ» անվանումը կրող բողոքի ակցիայի ժամանակ:
Վերջին տվյալներով, մոտ 50 մարդ սպանվել է Կահիրեում, մնացածը' Եգիպտոսի այլ քաղաքներում: Մահացածների թվում կա նաեւ 8 ոստիկան:
Հայտնվում է նաեւ, որ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1000 իսլամիստի:
«Մուսուլման եղբայրներ» շարժումն իր կողմնակիցներին կոչ է արել այսօրինակ երթերի դուրս գալ ամեն օր' առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Life News-ի փոխանցմամբ, Եգիպտոսում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են' Մուհամմեդ Մուրսիի եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների Եգիպտոսի մայրաքաղաքում եւ այլ խոշոր քաղաքներում գտնվող ճամբարները ցրելուց հետո: