ՌԴ մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում անհայտ անձինք փորձել են լազերի ճառագայթով կուրացնել երկու օդաչուների: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայությունների իր աղբյուրին: Առաջին միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 00.20-ի սահմաններում՝ Մոսկվա-Աստանա չվերթն իրականացվող ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ: 10 րոպե անց նմանատիպ միջադեպի մասին զեկուցել է Լոնդոն-Մոսկվա ինքնաթիռի անձնակազմը: Օդաչուներին հաջողվել է ինքնաթիռները հեռացնել կուրացնող լույսի գոտուց, ուղևորներից և անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել: