Մարտի 24-ին Ֆրանսիայում կործանված А320 օդանավի անձնակազմի հրամանատարը վթարից քիչ առաջ փորձել Է կացնի օգնությամբ ջարդել օդաչուների խցիկի փակ դուռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին գրել Է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրներ:
Թերթի զրուցակցի տվյալներով՝ հրամանատարն այդ քայլին Է դիմել այն ժամանակ, երբ պարզվել Է, որ խցիկում գտնվող երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը, չի բացում զրահապատ դուռը:
Germanwings ավիաընկերության ներկայացուցիչը, որին պատկանում Էր կործանված ինքնաթիռը, հրատարակությանը հաստատել Է, որ իր А320 ինքնաթիռներում իրոք կան կացիններ:
Bild-ը նաեւ նշել Է, որ օդաչու Անդրեաս Լյուբիցը, որին մեղավոր են համարում Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար, ընդհանուր առմամբ մեկուկես տարի բուժվել Է հոգեբույժի մոտ:
Ավելի վաղ Lufthansa-ի վարչության նախագահ Կարստեն Շպորը հայտարարել Էր, որ Լյուբիցը մի քանի ամսով ընդհատել Է ուսումը: Նա մանրամասներ չի հայտնել, թեեւ նշել Է, որ դրանում «անսովոր ոչինչ չի տեսնում»:
Bild-ը պնդում Է, որ ընդհատման պատճառ են դարձել ապագա երկրորդ օդաչուի հոգեկան խնդիրները: Հրատարակության տվյալներով՝ դեպրեսիաների պատճառով նա ուսման հետ կապված խնդիրներ Է ունեցել Ֆենիքսում (ԱՄՆ) օդաչուական դպրոցում սովորելիս, նրան նույնիսկ ժամանակավորապես դասել են նրանց շարքին, ովքեր անկարող են թռիչքներ կատարել:
Germanwings ընկերության ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտում Տրուա-Էվեւշե դժվարամատչելի լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրի մերձակայքում: Ընդամենը օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը: