Tert.am - Իրանական IRAS-ն անդրադարձել է օգոստոսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցին։

Հակառակ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների, թե Բաքուն հավասարակշռված քաղաքականություն է վարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդեպ, վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման ֆոնին Ադրբեջանն ավելի է հակվում Վաշինգտոնի կողմը, գրում է իրանական IRAS-ը, որի հոդվածը ներկայացրել է inosmi.ru-ն։

Ըստ IRAS-ի՝ Ադրբեջանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետի երկարաձգումը մերժելն էապես սառեցրեց երկու երկրների հարաբերությունները։

Չնայած դրան՝ նրանց համատեղ առևտրաշրջանառությունը 2012թ.-ին կազմել է 4 մլրդ դոլար, իսկ միայն վերջին 6 ամիսների ընթացքում աճել է 50%-ով։

Արդեն վաղուց լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանը կարող է միջամտել Ադրբեջանի նախագահական ընտրություններին (կայանալու են աշնանը)՝ իր սեփական թեկնածուին առաջադրելու միջոցով. նա կարող է լինել Ռուսաստանում բնակվող գրող և ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը։
Բաքվի իշխանությունները կանխում են նրա ժամանումն Ադրբեջան, ինչի համար էլ ճնշման են ենթարկվում Ռուսաստանի կողմից։

ՌԴ-ի կողմից դժգոհության է արժանանում նաև ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքը մեկ այլ թեկնածուի՝ «Քաղաքացիական նախաձեռնություն» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի առաջնորդի հանդեպ, որը գտնվում է բանտում։

Սակայն Պուտինի այցը Բաքու՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ճանաչում է քվեարկությունը, և այն, թե ինչպես են տեղի իշխանությունները վերաբերվում ընդդիմադիր կուսակցություններին և գործիչներին, և մտադիր չէ որևէ կերպ միջամտել այդ հարցերին։

Ադրբեջանը, իր արտաքին հարաբերությունները կառուցելով Ռուսաստանի և Արևմուտքի հավասարակշռման սկզբունքի վրա, ավելի հակված է արևմտյան կառույցներին, ՆԱՏՕ-ին և Եվրոպական Միությանը, ինչն իր հերթին թուլացնում է Ռուսաստանի դիրքերը՝ արևելյան երկրներում եվրատլանտյան ուժերի հնարավոր համեմատության մեջ։

Բացի դրանից, Հարավային Կովկասի ռազմավարական գոտում Ռուսաստանն արդեն զրկվել է Վրաստանի աջակցությունից, իսկ Հայաստանի առավելությունները շատ ավելի քիչ են, քան հարևան անկախ պետություններինը, և չկա որևէ երաշխիք, որ Երևանը միշտ ընդունելու է ռուսական գերակայությունը։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը, որն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեսանկյունից կարելի է կարևոր պետություն համարել Հարավային Կովկասում, շնորհիվ իր չափավոր քաղաքականության, միաժամանակ սպառնալիքներ և հնարավորություններ է ստեղծել Ռուսաստանի համար։

Չնայած Մոսկվան հույս էլ չունի խանգարել Բաքվի մղումներին՝ դեպի արևմտյան կառույցները, սակայն առնվազն փորձում է դանդաղեցնել արևելյան երկրներում դրանց տարածման տեմպերը, որոնց շրջանում Ադրբեջանն ընտրվել է որպես Արևմուտքի ուժերի ներկայության ամրապնդման գլխավոր բազա, այդ թվում՝ Միջին Ասիայում։

Չնայած Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որը գլխավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, նրա աշխատանքի 20 տարիներն այդ ծերացած և անարդյունավետ կառույցում ցույց է տվել, որ այդ երկիրը շատ չի ուզում այդ հակամարտության լուծումը՝ Արևմուտքի հետ համագործակցության ձևաչափում։

Իսկապես, Ռուսաստանի ազդեցությունն ԱՊՀ կազմի պետությունների վրա դեռ բավական մեծ է։ Նա կառուցողական առաջարկություններ է առաջ քաշում ղարաբաղյան հակամարտության լուծման համար, և որոշ ադրբեջանցիներ անգամ կարծում են, որ այդ որոշումն ուղղակիորեն կախված է Ռուսաստանից։

Այնուամենայնիվ, Ադրբեջանում ռուսական ազդեցությունն այնքան զգալի չէ, որ կովկասյան այս հանրապետության ղեկավարներին ստիպի հեռանալ արևմտյան կառույցներից և ավելի մերձենալ հյուսիսային հարևանին՝ ընդունելով Պուտինի եվրասիական սկզբունքները։

«Չնայած ավելի քան 20 տարի չլուծված ղարաբաղյան հակամարտությանը, Ադրբեջանը կարողացել է զարգացման սեփական նախագիծն ունենալ և լուրջ քայլեր անել կառուցվածքային բարեփոխումներում՝ հասնելով կարևոր տնտեսական ձեռքբերումների»,- գրում է լրատվամիջոցը։