Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում երկու խոշոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 27, վիրավորվել՝ 358 մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել 35 մարդ:
Reuters-ը գրում է, որ պայթյուններից մեկը որոտացել է մզկիթի մոտ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո: France-Presse-ի տեղեկություններով՝ պայթյուններից մեկը որոտացել է քաղաքի կենտրոնում, մյուսը՝ նավահանգստի մոտ: Առայժմ պայթյունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:
Տրիպոլիում վերջին ամիսների ընթացքում չեն դադարում բախումները սուննիների և ալաուիական համայնքի միջև, որոնք տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի հակամարտության հարցում: