Narod.am Այսօր, օգոստոսի 27-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևանի Պարոնյան 6 հասցեում գտնվող «Հայ-ռուսական միավորում» ՀԿ-ի գրասենյակի դիմաց տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Անհայտ մեկը' դուրս գալով սև ՋԻՊ մակնիշի ավտոմեքենայից (98 999 պետհամարիշ), հարձակվել է այդ պահին տվյալ վայրում գտնվող Սոցիալիստական շարժման ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանի վրա' փորձելով հարվածել նրան: Վարորդը թափահարում էր գրպանից հանած կարմիր գրքույկը և հայհոյանքներ էր արձակում սոցիալիստական շարժման հասցեին (Ահարոնյանի մեքենայի վրա գրված է«Հայաստանի սոցիալիստական շարժում»):
Narod.am-ի լրագրողի հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանը պատմեց, որ ամեն կերպ փորձում էր չպատասխանել այդ սադրանքներին' բացատրելով, որ դա իր իրավունքն է: Սոցիալիստական շարժման ղեկավարը պատմեց նաև, որ միայն փողոցում գտնվող պատահական անցորդների շնորհիվ միջադեպը չվերածվեց քաշքշուկի և ավարտվեց առանց լուրջ հետևանքների: Այն հարցին, թե ինչը հանդիսացավ միջադեպի պատճառ, Ռոբերտ Ահարոնյանը պատասխանեց, որ ինքը դուրս էր գալիս ՀԿ-ի գրասենյակից, և իբր իր ավտոմեքենան խանգառում էր ջիպի տիրոջը: Նա հույս հայտնեց, որ տվյալ միջադեպը կապ չունի իր քաղաքական հայացքների հետ, ուղղակի այդ վարվելակերպը բնորոշ է «գոլդ» համարանիշ ունեցող տերերին: Ռոբերտ Ահարոնյանը ավելացրեց, որ այդպես էլ չկարողացավ պարզել վարորդի ինքնությունը և ինչ վկայական էր նրա ձեռքին:
Այս ամենից հետո հարց է ծագում. միթե անգամ ոչ իշխանական կուսակցության կամ շարժման ներկայացուցիչ լինելը մեր «ժողովրդավարական» երկրում դարձել է վտանգավոր, իսկ ամեն անգամ փողոց դուրս գալուն պես անհրաժեշտ է շուրջը նայել, որպեսզի համոզված լինել, որ այնտեղ չի թաքնվել կարմիր գրքույկով մի սևջիպավոր հաստավիզ: