Քաբուլում հինգ մարդ է զոհվել Աֆղանստանի նախագահի թեկնածու Աշրաֆ Գանիի տան վրա զինված մարդկանց հարձակվելու հետևանքով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:

 

Զինյալները մարտի 25-ի կեսօրին թեկնածուի տան վրա գրոհել են Քաբուլի Դար ուլ Աման հարավարևմտյան շրջանում: Այդ պահին Գանին տանը չէր:

 

«Չորս մարդ ներխուժել է Աշրաֆ Գանիի տուն, այնուհետև լսվել է պայթյուն և հրաձգության ձայներ»,-գործակալությանը հայտնել է տեղական ոստիկանության սպան:

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ պայթյունին հաջորդած հրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության մի սպա, սպանվել են բոլոր չորս հարձակվողները: Ներկայումս ոստիկանությունն արգելափակել է քաղաքի այդ շրջան տանող ճանապարհները:

 

Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին 11 թեկնածուներից մեկն է ապրիլի 5-ին նշանակված նախագահական ընտրություններում: Նախընտրական արշավի ընթացքում Գանին աշխատանքի առավել կարևոր ուղղություն է համարել գյուղատնտեսության անվտանգությունն ու զարգացումը: Բացի այդ, նա խոստացել է պայքարել աղքատությունն ու խտրականությունը արմատախիլ անելու համար: