aravot.am Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1969թ. ծնված Ն. Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականից որպես մենեջեր աշխատելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող «Կարեն Հակոբյան» ՍՊԸ-ին պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչեւ 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է թվով 11 կանանց պոռնկությամբ զբաղվելուն: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Ն.Ծ.-ն ներկայումս գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նախկինում չդատված Ն. Ծ-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, երկու եւ ավելի անձանց օգտագործելով»): Որպես սույն քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել 401 ամերիկյան դոլարը, 1000 ռուսական ռուբլին, 949 հազար դրամը, Ն.Ծ.-ի բջջային հեռախոսը եւ քարտը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ