Իմանալով, որ ազգականը պոռնկությամբ է զբաղվում' որոշել է այն ծառայեցնել իր շահին եւ հնագույն արհեստն իր համար վերածել բիզնեսի: Խոսքը Վրաստանի Մառնեուլի շրջանում. ծնված, Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանի բնակիչ, ամուսնալուծված, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 08.02.2013թ. արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված Ինդիրա Միսկարյանի մասին է:

Ինչպես պարզվել է նախաքննությամբ, Ինդիրա Միսկարյանը և գործով վկա Սոնյան հանդիսացել են ազգականներ: Վերջինս զբաղվել է պոռնկությամբ' որոշակի գումարի դիմաց պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցել պատահական անձանց հետ: Այդ մասին իմանալով' Ինդիրա Միսկարյանը որոշել է նպաստել նրա գործունեությանը եւ բնակարան տրամադրել, ապահովել հաճախորդներով ու դրա դիմաց ստացել որոշակի գումարային օգուտ:

Ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանակը եւ բնակարան հատկացրել այլ մարմնավաճառների եւս: Քննությամբ պարզվել է նաև, որ Ինդիրա Միսկարյանը 2010-2012թթ. մարմնավաճառների' պոռնկությամբ զբաղվելու համար հատկացրել է հանրակացարանում գտնվող իր բնակարանը: Որոշ դեպքերում նրանց ապահովել է նաեւ հաճախորդներով, տեղափոխել տարբեր հյուրանոցային համալիրներ, ինչի դիմաց յուրաքանչյուր անգամ պոռնկությամբ զբաղվողներից, իսկ երբեմն նաև հաճախորդներից, որպես միջնորդավճար, ստացել է 1000-5000-ական դրամ:

Ի.Միսկարյանի հիշյալ արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Մինչև դատաքննության սկսվելը՝ դատական նիստի նախապատրաստական մասում, ամբաստանյալ Ի.Միսկարյանը արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդություն է ներկայացրել' դրանում նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն է, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և անկեղծորեն զղջում է կատարված արարքի համար, գիտակցում է իր կողմից ներկայացվող միջնորդության բնույթը և հետևանքները, միջնորդությունը ներկայացրել է կամավոր՝ իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:

Ի.Միսկարյանը, նախագահող դատավորի հարցերին պատասխանելով, նույնպես հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պարզ է, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ, զղջում է կատարվածի համար, պնդում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին միջնորդությունը, այն ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդություն ներկայացնելը՝ խորհրդակցել է իր պաշտպանի հետ:

Դատարանը, համոզվելով, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ, 3752-րդ և 3753-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, դատական նիստին արձանագրային որոշում է կայացվել՝ արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ինդիրա Միսկարյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված համարելով՝ դատարանը Ինդիրա Միսկարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և նշանակել պատիժ ազատազրկման ձևով' 3 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Հեղինակ:
«Փաստինֆո»