Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղավոր ճանաչվածի նկատմամբ համաներում կիրառելու մասին միջնորդություն է ստացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ datalex-ի՝ Է. Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Մոս» ռեստորոնահյուրանոցային համալիրը 2013թ. փետրվարից մինչև ապրիլ ամիսը պահել, ղեկավար և օգտագործել է երկու կամ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: «Է. Ենոքյանը հանձնարարել է մատուցողուհուն և հավաքարարին, որ մարմնավաճառների մուտքը չարգելեն հյուրանոց և անհրաժեշտության դեպքում տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց:
Գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Դատարանը Է. Ենոքյանին մեղավոր է ճանաչել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ): Նա դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, միևնույն ժամանակ դատարանը որոշել էր նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահամանելով 2 տարի փորձաշրջան: Այժմ դատարանը ստացել է համաներման ակտ կիրառելու միջնորդություն: