38-ամյա Աստղիկ Վարշավչիկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Ըստ մեղադրանքի' 2012թ. նոյեմբեր ամսին Աստղիկ Վարշավչիկին է դիմել նրա ծանոթուհին, առաջարկել իրեն վաճառել մուշտակը՝ ապառիկ կարգով: Վաճառքի գինն, ըստ փոխհամաձայնության, կազմել է 200.000 դրամ, որը գնորդը պետք է վճարեր մաս-մաս՝ յուրաքանչյուր ամիս 40.000-50.000 դրամի չափով: Վերջինս, սակայն, առաջին իսկ ամսից չի կարողացել վճարել որոշված 40.000-50.000 դրամ ամսական գումարը, և Աստղիկ Վարշավչիկն, ըստ մեղադրանքի, օգտվելով այն հանգամանքից, որ գնորդը ֆինասական ծանր պայմանների պատճառով չի կարողանում վճարել մուշտակի գումարը, առաջարկել է նրան իր մատնանշած տղամարդկանց հետ որոշակի գումարի դիմաց ունենալ սեռական հարաբերություն և պայմանավորվել ստացած գումարի մի մասը պարտքը մարելու համար պահել իրեն:

 

Դրանից հետո, ստանալով մուշտակի գնորդ կնոջ համաձայնությունը, Աստղիկ Վարշավչիկը որոշակի գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել տարբեր տղամարդկանց հետ, և գնորդին 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսը պարբերաբար իր հետ տարել է Վանաձոր քաղաքում գործող տարբեր շոգեբաղնիքներ, որտեղ էլ վերջինս սեռական հարաբերություններ է ունեցել Աստղիկ Վարշավչիկի մատնանշած և իրեն անծանոթ տղամարդկանց հետ: Այնուհետև, Աստղիկ Վարշավչիկն անձամբ այդ տղամարդկանցից վերցրել է մատուցված սեռական ծառայությունների դիմաց վճարված գումարը, դրա մի մասը տվել կնոջը, իսկ մյուս մասը նախնական պայմանավորվածության համաձայն, որպես վերջինիս պարտքի գումար, պահել իրեն և այդ կերպ նպաստել կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

 

Աստղիկ Վարշավչիկը նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ բնակվում է Վանաձոր քաղաքում՝ հաշմանդամ մոր և երկու երեխաների հետ միասին, հիմնական աշխատանք չունի և հաշմանդամ մոր ու անչափահաս երեխայի խնամքը հոգալու նպատակով 2012 թվականից սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Մուշտակի գնորդին ճանաչում է 2005 թվականից՝ որպես մարմնավաճառ, և 2005-2006թթ. երբեմն միասին զբաղվել են մարմնավաճառությամբ, մտերմացել և յուրաքանչյուրն իր հաճախորդից վերցրել է իր գումարը: Չի կարող հիշել, թե քանի անգամ, բայց երբեմն միասին գնացել են նաև քաղաքից դուրս, երբ «գործընկերուհու» ծանոթներն են զանգել և հրավիրել, երբեմն ինքն է զանգահարել նրան և միասին գնացել են քաղաքից դուրս, երբ իր ծանոթ տղամարդիկ են զանգել ու հրավիրել: Իրենցից որևէ մեկը մյուսի հաշվին նյութական օգուտ չի ստացել, յուրաքանչյուրին վճարել են և յուրաքանչյուրն ստացել է իր «աշխատանքի» գումարը, ինքը նրան երբևէ չի դրդել մարմնավաճառության և նրանից գույքային օգուտ չի ստացել:

 

Դատաքննության ժամանակ էլ Աստղիկ Վարշավչիկը պնդել է իր նախաքննական ցուցմունքները և հայտնել, որ եղել են դեպքեր, որ հաճախորդները ընդհանուր վճարել են իրեն, իսկ ինքը բոլորի ներկայությամբ, կամ մեքենայում, կամ տուն գնալիս այդ գումարը բաժանել է երկուսի միջև: Գնորդը մուշտակի դիմաց իրեն մաս-մաս վճարել է ընդամենը 80.000 դրամ: Ինքը միշտ նրան ասել է, որ եթե անգամ չկարողանա մուշտակի գինը ամբողջությամբ վճարել, կարող է մուշտակը հետ վերադարձնել, իսկ ինքն էլ կվերադարձնի նրա տված գումարը: Դատաքննության ընթացքում մուշտակի գնորդ կինը՝ գործով վկա, ում նախաքննական ցուցմունքները դրվել են մեղադրանքի հիմքում, հասատատել է ամբաստանյալի ցուցմունքներն ու հայտնել, որ մուշտակի դիմաց մինչ օրս Աստղիկին վճարել է ընդամենը 80.000 դրամ, սակայն Աստղիկը երբևէ իրեն չի ստիպել այդ գումարը վճարել, ասել է, որ երբ գումար կունենաս, այն ժամանակ էլ կտաս:

 

Աստղիկը իրեն ոչինչ չի ստիպել և իր հասանելիք գումարից երբևէ չի վերցրել: Իր նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները վկան բացատրել է նրանով, որ կատարվածի մասին ինքը իր բառերով պատմել է քննիչին նույնը, ինչ որ ասաց դատարանում, սակայն «քննիչը իրեն թելադրել է, որ գրական բառերով գրի, ինքն էլ գրել է»: Դատարանը եկել է եզրահանգման, որ նախաքննական մարմնի կողմից Աստղիկ Վարշավչիկին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված փոխկապակցված հավաստի և բավարար պացույցներով չի հիմնավորվել: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի, մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում:

 

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, հոկտեմբերի 1-ի դատավճռով Աստղիկ Վարշավչիկին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել և հռչակել է անմեղ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 

 











«Փաստինֆո»