Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը սեպտեմբերի մեկից սկսել է կարմիր գծանշմամբ տարածքներում կայանված ավտոմեքենաներից կայանման վճարների գանձումը: Երկարատև նախապատրաստությունից հետո սկսված գործընթացը, սակայն, ընթանում է բազմաթիվ թերություններով՝ հարուցելով վարորդների դժգոհությունը: «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Սիրունյանը MediaMall.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոկայանատեղիների վճարային համակարգը նորմալ չի գործում, օրինակ՝ վճարումները բջջային օպերատորներից «Բիլայնին» և «Վիվասելին» ուղարկված հաղորդագրությունների միջոցով նորմալ ընդունում են, մինչդեռ «Օրանժ» ընկերության միջոցով վճարում կատարելը ուղղակի անհնար է: «Հիմա ես կրակն ե՞մ ընկել, որ օգտվում եմ «Օրանժի» ծառայություններից,- դժգոհեց փաստաբանը»:
Ինչ վերաբերվում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ծառայությանն ընդհանրապես, ապա պարոն Սիրունյանը նշեց, որ մի խումբ փաստաբաններով պատրաստվում են դիմել վարչական դատարան՝ չեղյալ համարելու քաղաքապետարանի ապօրինի որոշումը: «Կատարվում է աղաղակող ապօրինություն բոլոր առումներով, այդ ընկերությունը իրավունք չունի ինձանից տեղեկատվություն հավաքելու, մենք անհատական տվյալների մասին օրենք ունենք, ինքը անհատական տվյալներ պահելու իրավունք չունի, իրենք ինչն են նկարում՝ մարդը 24 ժամ կարող է իր մեքենան կայանել որևէ վայրում և ընկերուհու հետ զրուցել, իրենք ինչ իրավունք ունեն դա ֆիքսելու,- նշում է փաստաբանը և ավելացնում,- վաղամեռիկ գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը շատ հետաքրքիր թևավոր խոսքեր ուներ, այդ թվում ասում էր՝ օրենքները չեն գրվում հոգեկան հիվանդության կանխավարկածով: Հիմա մեզ մոտ այդ կանխավարկածով են օրենքներ ընդունվում: Մենք 1997 թվականին ընդունված տեղական տուրքերի և վճարների մասին օրենք ունենք, որի առաջին հոդվածը հստակ սահմանում է, որ տուրքերը գանձում է համայնքը՝ մատուցվող ծառայության դիմաց: Հիմա հարց է առաջանում՝ այդ սերվիսը մեզ ինչ ծառայություն է մատուցում: Փողոցում կանգնած անթրաշը գոնե ծառայություն է մատուցում, ասում է՝, արի, արի, մի արի»:
Պարոն Սիրունյանը նշեց, որ քաղաքապետարանի դեմ դատական գործընթացը կսկսվի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններից հետո, որովհետև այս պահին զբաղված են ընտրական պրոցեսով:

 

Վարուժան Բաբաջանյան