Այգեզարդ գյուղի բնակիչ Սաշա Պլասկինը մեղադրվում է հորեղբոր որդու կնոջը ծեծելու եւ սպառնալու մեջ։
Նախաքննական մարմնի տվյալների համաձայն, 2013թ հուլիսի 02-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իր եղբոր տան դիմաց, ալկոհոլ օգտագործած վիճակում Ս.Պլասկինը վիճաբանել է հորեղբոր որդու կնոջ' Անահիտի հետ, որի ընթացքում դիտավորությամբ բռնել է նրա ձեռքերից, սեղմել ու քաշքշել է, ոտքով հարվածել է նրա ոտքերին՝ պատճառելով ձախ բազկի, աջ նախաբազուկ դաստակային հոդի շրջանի մեկական, աջ ազդրի 4 հատ, աջ սրունքի աջ ծնկան հոդի շրջանի մեկական, ձախ ազդրի երկու հատ արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ։
Ապա՝ գոտկատեղից հանելով փոքր կացինը, թափահարելով օդում՝ սպանության սպառնալիքներ է տվել նրան, որն իրականացնելու իրական վտանգ եղել է: Վիճաբանությանը միջամտել է Ա.Ղամբարյանի դուստրը՝ անչափահաս Մերի Աբրահամյանը, որի ժամանակ Ս.Պլասկինը ձեռքով քաշքշել է նրա ձեռքերից, ոտքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Պլասկինին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով։ Նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությունը դատախազությունն արդեն հաստատել է եւ գործն ուղարկել դատարան։