Հայաստանի իշխանությունները հերթական անգամ բենզին լցրեցին եռացող հասարակական կրքերին՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

 

Հերթական անգամ Հայաստանում գողական ռազբորկաներն ու կրիմինալ արյունահեղությունները լեգիտիմացվեցին քննչական ծառայությունների թեթև ձեռքով: Հասկանալի է, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ են արձակել ամենաբարձր մակարդակով արված հրահանգից հետո, ինչը ենթադրում է, որ Սահմանադրության կիրառման վերջին իմիտացիաներն անգամ Հայաստանում բխեցնում են կրիմինալի կամքից:

 

Բանն այն է, որ տեղի ունեցած իրադարձությունները շատ ավելի խորքային են և առնչվում են երկրի կենսագործունեությանն խաթարմանն ընդհանրապես: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ, անկախ նրանից՝ մարզպետ են, թե հրամանատար, իրենց իրավունք են վերապահում ներքին տարաձայնությունները լուծել սեփական, չգրված օրենքներով: Նրանք թքած ունեն, թե քաղաքացիաիրավական ակտերը ինչպիսի լուծումներ են պարունակում նմանատիպ երևույթները կանխելու համար, նրանց օրենքները ամփոփված են փամփուշտի մեջ: Մինչդեռ ամբողջ հասարակության մտահոգությունը պետք է լինի այն, որ ցանկացած հանցագործություն, այդ թվում մարզպետի տան մոտ կատարվածը, պատժվի բացառապես օրենքի շրջանակներում: Իսկ իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում հարկավոր է մթնոլորտի փոփոխություն, որպեսզի մարդիկ ապրեն ոչ թե իրենց՝ սեփական Հայաստանում, այլ այն Հայաստանում, որի մասին մեր երազանքը ամփոփված է ՀՀ Սահմանադրության մեջ...

 

Ավելի քան վստահ եմ, որ Սյունիքի նախկին մարզպետի մերձավորներին ազատ են արձակել՝ հաշվարկելով դրա հասարակական հակազդեցությունը և բարձրացվելիք աղմուկը: Իշխանություններին լիովին ձեռնատու է՝ ունենալ հասարակական ընդվզման ևս մեկ ալիք՝ հակաիշխանական տրամադրությունները տրոհելու և ժողովրդի ուշադրությունը ավելի գլոբալ հարցերից շեղելու համար: Այս առումով, Մաքսային միությանն անդամակցելու դեմ ընդվզման ֆոնին, այս քայլը խնդիրը մոռացության տալու հրաշալի միջոց է...

 

Վարուժան Բաբաջանյան