Գորիսի միջադեպի գործով եւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հարուցված գործով Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպի վերջին ձայնագրության շուրջ մեկնաբանություններն անիմաստ են:

 

Հիշեցնենք, որ սպանված Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը եւ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը գտնում են, որ համացանցում հայտնված Գորիսի միջադեպի առաջին տեսագրությունը մոնտաժված է, իսկ վերջին տարբերակում արդեն երեւում է, թե ինչպես է կրակոց լինում վերեւից՝ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտից:

 

Մարտին Զիլֆուղարյանի խոսքերով՝ «Նման բան չկա, դա նրանք են ենթադրում, դրանք ընդամենը ենթադրություններ են: Գնացեք դատարան եւ կիմանաք ողջ ճշմարտությունը՝ այդ գործի մասին»: Լրատվամիջոցի  դիտարկմանը, թե հասարակությունն այդպես էլ չհամոզվեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդու կողմից սպանությունը ինքնապաշտպանություն է՝ փաստաբանը պատասխանել է. «Չհամոզվեց, թող մասնակցի դատական նիստերին: Մասնակցեք, համոզվեք, թե ճշմարտությունը որն է»: Հարցին՝ Դուք երբ տեսագրությունները նայում եք, որեւէ տարբերություն չե՞ք գտնում մոնտաժված տարբերակի եւ վերջին տարբերակի միջեւ՝ նա պատասխանեց. «Ո՞ր մոնտաժված տարբերակի, ոչ մի մոնտաժված տարբերակ չի եղել, նույն կրկնօրինակն է:

 

«Առաջին տարբերակում, բնականաբար, այն հատվածներն են ներկայացրել, որտեղ որ դեպքը երեւա, մոնտաժված չի եղել ոչ մի բան: Եթե որեւէ մեկը կասկածում է որեւէ հարցում, թող խնդրի դատախազությանը, դատախազությունը կբացատրի գործի մանրամասները, իրական պատկերը, դրանից լավ բան կա՞»: Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել եւ կրակոցների ձայնը չի լսել, քանի որ կրակել են «ՏՈԶ» զենքից»,-գրում է կայքն ու հավելում, որ նրա խոսքերով՝ «Տոզի» կրակոցը ձայն չի հանում, դա տզզոց է միայն»: Սակայն տեսագրության մեջ կրակոցների ձայներ են լսվում, հետեւաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր Սուրիկ Խաչատրյանը չլսել այդ ձայները: Մարտին Զիլֆուղարյանի մեկնաբանությամբ՝ «Այդպիսի բան չկա, դուք եք սխալ վերլուծում: Կրակել են 3 տեսակի զենքից, մեկը «ՏՈԶ», մյուսները՝ ուրիշ տեսակի, որոնցից էլ ձայն է գալիս: Բնականաբար, պիտի ձայն գար, ո՞վ է ասում միայն «ՏՈԶ»-ից են կրակել»: Երբ մեջբերեցինք Ռուբեն Սահակյանի խոսքերը՝ «ՏՈԶ»-ի տզզոցի մասին՝ նա այսպես բացատրեց. « ՏՈԶ»-ից կրակել է Տիգրանը, այո՛, Տիգրանի պահով ճիշտ է ասել»:

 

Լրատվամիջոցի հարցին՝ հետեւաբար ո՞նց կարող է մարդը քնած լինի սենյակում եւ կրակոցի ձայներ չլսի՝ փաստաբանը պատասխանել է. «Շատ լավ, հիմա եթե այս պատի հետեւը ինչ կատարվի մենք կարո՞ղ ենք լսել»: Կայքի պատասխանին, որ եթե կրակոց լինի, կռիվ լինի, բնականաբար, կլսենք, բակային տարածքում երբ կռիվ է լինում, ամբողջ շենքը պատուհաններից դուրս է նայում, լսում է՝ նա պատասխանել է. «Շենքն ի՞նչ կապ ունի, եթե Սուրիկ Խաչատրյանը գտնվել է 3 պատ հետեւ, ո՞նց»:

 

Ընդ որում, նա վստահեցրել է, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան պատերը շատ հաստ են. «Չի լսվում»: Նա առաջարկել է գնալ Սուրիկ Խաչատրյանի տուն, մտնել նրա սենյակ եւ փորձարկում կատարել, տեսնել՝ լսելի՞ են այնտեղից ձայներ, թե՞ ոչ. «Կարծում եմ, թույլ կտան փորձարկում անել, իր սենյակը ցույց կտան եւ կհամոզվեք, որ չլսել հնարավոր է»: