www.a1plus.am 2 տարի անազատության մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հայտարարության տակ արդեն 10-ից ավելի մարդ է ստորագրել։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց իրավապաշտպան Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ երեկոյան իրենք կհայտնեն այն մարդկանց անունները, որոնք միացել են հայտարարության տեքստին։
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր Հայաստանի բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ արել ստորագրել այդ տեքստի տակ։
Նա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին նամակ է հղել՝ նշելով, որ իր խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում է, որ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի այլ դատավարական պարտականությունները՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի։
Լեւոն Զուրաբյանը նաեւ պատրաստ է քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավարության գումար վճարել դատարանի դեպոզիտ հաշվին՝ որոշումը կայացվելուն պես։
Վերաքննիչ դատարանը դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, սակայն, բազմաթիվ անգամներ մերժել է Տիգրանին ազատ արձակելու միջնորդությունը։
Տիգրան Առաքելյանը եւ նրա մյուս 3 ընկերները՝ Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւորգյանը դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման՝2011 թ-ին օգոստոսի 9-ին ոստիկանների հետ բախվելու եւ նրանց դիմադրություն ցույց տալու համար։ Վերաքննիչ դատարանը վճիռը թողել էր անփոփոխ, իսկ ահա Վճռաբեկը՝ մասնակի բեկանել էր վճիռը եւ ուղարկել ստորադաս դատարան նույն քննության։
ՀԱԿ-ը, սակայն համոզված է, որ տղաները ազատազրկման են դատապարտվել իրենց քաղաքական հայացքների համար եւ նրանց համարում է քաղբանտարկյալ։