Aravot.am-ի աղբյուրները հայտնել են, որ շարունակում են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց:
Հենց այս պահին ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ : Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն' Սպարտակին ու նրա ամենամոտ ընկերոջը' Արման Բադալյանին:
Խոսքը այն շինկազմակերպության մասին է, որը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ: Սակայն վերջիններիս ոչ այնքան հայտնի դարձան իրենց կատարած աշխատանքով, որքան մարզպետարանի ու քաղաքապետարանի դիմաց անցկացրած բողոքի ակցիաներով:
Գյումրիում կատարված իշխանափոխությունից հետո շինկազմակերպության բանվորները իրենց պարտքերը պահանջում էին Գյումրու նոր քաղաքապետից'Սամվել Բալասանյանից: Բանը հասավ նրան, որ այս կազմակերպությունը դատի տվեց Գյումրու քաղաքապետարանին' պահանջելով վճարել 427 միլիոն դրամի պարտքը: Իսկ Սամվել Բալասանյանը, քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես, ավագանու առաջին նիստի ժամանակ, անդրադառնալով այս ընկերությանը ունեցած պարտքին, ասել էր. «Զարմանալի պարտք է'427 միլիոն:
Տարվա ընթացքում փոխանցվել է 335 միլիոն' դոտացիայի գումարները, որը որ աշխատավարձ պետք է տրվեր, փոխանցվել է այս ընկերությանը, մեծ գումարներ: Ի՞նչ է կատարվել, 335 միլիոնին գումարենք 427, մոտավորապես 750 միլիոն դրամ այս ընկերությունը ասֆալտապատման աշխատանքնե՞ր է կատարել, այդ ասֆալտապատումը եղել է փոսային նորոգումներով, և դա եղել է հիմնականում հուլիս ամսից հետո: Հուլիս ամսից հետո մենք էդքան աշխատա՞նք ենք կատարել փոսալցման:
Ճիշտն ասած, ինձ համար աուդիտ կանչելը ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի' արդյո՞ք սա իրատեսական է համարվում, թե՞ ոչ, որովհետև ես խիստ կասկածում եմ. հուլիսից հետո փոսի նորոգում միայն Սովխոզի վրա եմ տեսել, բենզակալոնկի մոտ, ուրիշ տեղ ես փոսի նորոգում չեմ տեսել: Չունեն լիցենզիա, լիցենզիա չենք կարող գտնել, իրավունք չունեին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից չկան պայմանագրեր, պայմանագիրը 400 միլիոնի է եղել, էդ ինչպե՞ս դարձավ 700 միլիոն»:
Հեղինակ` Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ