tert.am  Բնական պաշարներով հարուստ Սյունիքի մարզում հանքերի շահագործման շուրջ լուրջ հակասություններ կան. մի կողմից հանքերի շահագործմամբ լուծվում է աշխատատեղերի խնդիրը, սակայն մյուս կողմից օդում ավելանում են ծանր մետաղները, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար։

Ինչպես Սյունիք այցելած մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, մարզի այն հատվածները, որտեղ իրոք օդն աղտոտված է, լուրջ խնդիրներ են արձանագրվել, երեխաների մազերում ծանր մետաղներ են հայտնաբերվել:

«Կար մետաղների մեծ պարունակություն, որը պայմանավորված էր ոռոգման ջրով, բայց ընդհանուր առմամբ, որ ասենք, թե Սյունիքի բնամթերքը աղտոտված է, սխալ է»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ դա Կապանի պոչամբարի հետ է կապված, բայց հիմա այն մաքրվում է. «Մի 20 տարի առաջ Կապանի գետը հիմնականում աղտոտված էր, ինչը հիմնականում պայմանավորված էր վթարներով, բայց հիմա համեմատաբար ավելի մաքուր է»:

 

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը հաստատեց, որ ուսումնասիրությունների արդյունքում Քաջարանի տարածքում 16 երեխայի մազերում հայտնաբերվել են ծանր մետաղներ, և քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկել կասեցնելու ծանր մետաղներով աղտոտված օդի ներթափանցումը շենքից ներս։ Մասնավորապես, այդ մանկապարտեզի պատերը արագ ձևով պատվել են 28 սմ հաստությամբ խճի շերտով, կիրառվել են նաև այլ միջոցառումներ: Բայց այսօր դիտարկում չի եղել է իրենք չեն կարող ասել ներկայում ինչ վիճակ է:

 

Վերջինս խոսեց նաև Կապանի լեռնարդյունաբերական կոմբինատի մասին, ինչը վերգետնյա շահագործման դեպքում լուրջ խնդիրներ կառաջացնի քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչների համար: «Այդ հանքավայրը բաց եղանակով չի շահագործվելու, բայց այդ ձեռնարկությունը քաղաքապահպան ձեռնարկություն է, որտեղ 1200 աշխատող կա»,-ասաց նա:


Աշոտ Ավագյանը նաև նշեց, որ իրենք շատ երկար պայքարել են ուրանի հանքավայրի լեռնահետախուզական աշխատանքների դեմ, արդյունքում կառավարությունը հայտարարեց, որ անհրաժեշտ քանակությամբ պաշարներ չլինելու պայմաններում հետախուզումը դադարեցվում է:

 

«Մեր հիմնական մեծ խնդիրը, որը շատ է հուզում Կապանին, որի հետևանքով արդեն կլիներ մեծ արտագաղթ, այդ հանքի բաց եղանակով շահագործումը կլիներ: Եթե դա բացեին, էկոլոգիական աղետ էր լինելու ոչ միայն Կապանի, այլ նաև հարակից գյուղերի համար»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հանքերի ստորգետնյա և վերգետնյա շահագործման խնդրին, նա նշեց, որ անհամեմատ լավ է ստորգետնյա շահագործումը վերգետնյա շահագործումից, քանի որ այդ դեպքում կապար և սիլիցիում պարունակող փոշին շատ վտանգավոր է մարդկանց համար: