Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 17-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի՝ Եվրամիության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը, որը գլխավորում էր Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, բարեկամական խմբերի եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը, Եվրոպայի հետ երկխոսության շարունակականությանն ու սերտացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ անհանդուրժողականության, ժխտողականության ու ռասիզմի՝ ժողովրդավարության հետ անհամատեղելիության խնդրին՝ որպես օրինակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը եւ ուժի դիրքերից խոսելու Ադրբեջանի ռասիստական հռետորաբանությունը:
Նա հավաստիացրեց, որ Հայաստանը եղել եւ մնում է ԼՂ հիմնախնդրի եւ ցանկացած կոնֆլիկտի խաղաղ, քաղաքական արգավորման կողմնակից:
Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան հավաստիացրեց, որ Չեխիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին ինչպես ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, այնպես էլ ներքին բարեփոխումների շարունակականությունն ու առաջընթացն ապահովելու հարցում:
Նույն Ազգային Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:
Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ ամրապնդումը:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քաղաքական երկխոսության համատեքստում կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
Երկու երկրների միջեւ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից կողմերը կարեւորեցին Ջերմուկի եւ Կարլովի Վարի քաղաքների միջեւ ստորագրված հուշագիրը, ինչը հնարավորություն է ստեղծում զարգացնելու երկու
առողջարանային քաղաքների միջեւ համագործակցությունը:
Կողմերը զուգահեռներ անցկացրին հայ եւ չեխ ժողովուրդների պատմական զարգացումներում' համոզմունք հայտնելով, որ երկու երկրների պատմական ընդհանրությունները հիմք կհանդիսանան հայ-չեխական հարաբերությունների
զարգացման համար:
Հանդիպմանը մանրամասն ներկայացվեց ՀՀ-ի Եվրոպական օրակարգի կատարած խնդիրները, բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացները: Կարեւորվեց Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Զրուցակիցները փաստեցին, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, հատկապես հաշվի առնելով, որ Չեխիան այդ ծրագրի հիմնական դերակատարներից է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Նույն օրը Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը չեխ խորհրդարանականների հետ քննարկեց Եվրոպական միության հետ երկխոսությունը շարունակելու, եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաեւ Մաքսային միությանն առնչվող հարցեր: Նա մանրամասն պարզաբանումներ տվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշումից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ՝ խոսելով երկրի անվտանգության, ԼՂ խնդիրների մասին:
Տիկին Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ներքին բարեփոխումներ իրականացնելու լրջագույն աշխատանքը, որը կատարվել է ԵՄ-ի հետ, անպայմանորեն պիտի լինի շարունակական: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ տիկին Զոհրաբյանը նշեց, որ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Չեխիայի հարաբերություններին՝ ինքը, այդուհանդերձ, ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Չեխիայի դիրքորոշումը կլինի շատ ավելի հավասարակշռված:
Կողմերն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության չորս հիմնական ուղղություններով Հայաստանի հետ նախատեսված համագործակցության խորացմանը։