Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը Հանրային խորհուրդ է ներկայացվել մի դիմում, որում նշվում է, որ կառավարությունը եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը քննարկում են «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու հարցը, քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը ներկայացրել է օդանավակայանի առաջիկա մի քանի տարիների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում հնարավոր է, որ հին շենքը խանգարի օդանավակայանի մեծացմանը:
Հիշեցնենք, որ վերջերս էդուարդո Էռնեկյանը, ում ընկերության կողմից կառավարվում է «Զվարթնոց» օդանավակայանը («Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որի մեջ է մտնում «Զվարթնոց» օդանավակայանը պատկանում է Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը), լրագրողներին ասել էր, թե ինքը կողմ է, որպեսզի օդանավակայանի կլոր կառույցը քանդվի, քանի որ այն արժեք չունի եւ սեյսմիկ առումով վտանգավոր է:
Ճարտարապետ Մհեր Չերքեզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը առնվազն 60-80 տարվա ամորտիզացիա ունի: Նրա խոսքով' օդանավակայանի կենտրոնում գտնվող կլոր շենքը, թեև արդեն մոտ 15 տարի է չի շահագործվում, դեռ երկար կարող է ծառայել իր նպատակին:
«Շենքը ունի վնասվածքներ, որոնք առաջացել են այս 10-15 տարիների չշահագործվելու ընթացքում, սակայն դրանք վերանորոգելն ու վերականգնելը բարդ չէ», - ասաց Մհեր Չերքեզյանը:
«Զվարթնոց» օդանավակայանը նախագծել է չորս ճարտարապետներից կազմված խումբը՝ Սպարտակ Խաչիկյան, Լևոն Չերկեզյան, Ժորժ Շեխլյան և Արթուր Թարխանյան:
Մհեր Չերքեզյանը «Զվարթնոցը» նախագծած խմբի անդամ Լեւոն Չերքեզյանի որդին է: Նա հետագայում սեփական նախագծով էր մասնակցում օդանավակայանի արդիականացման համար հայտարարված մրցույթին: Նրա կարծիքով, քանդելու փոխարեն պարզապես կարելի է հարմարեցնել կառույցը:
Խնդիրն այն է, որ «Զվարթնոց»-ի կլոր շենքը շահագործման է հանձնվել 1982 թվականին, և այստեղ հաշվի առնված չեն եղել այսօրվա անվտանգության պահանջները:
«2001, 2002, 2003 թվականներին առաջարկներ արվեցին, որով շատ հեշտ եւ ֆինանսապես ավելի մատչելի «Զվարթնոց»-ի այդ կիսակլոր կառույցը դառնում էր միջազգային չափանիշներին համապատասխան: Բայց պատվիրատուն փոխվեց, սեփականատերը փոխվեց եւ նա որոշեց, որ իրեն ավելի հարմար է նոր տերմինալ կառուցել», - ասաց Մհեր Չերքեզյանը:
«Զվարթնոց» օդանավակայանը գտնվում էր Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում մինչեւ 2004 թվականը:
«Առանց քննարկման, առանց խորհրդակցության պատկան մարմինների հետ, ինչ-որ մի կերպ, հուշարձանների պահպանության ցուցակը չեղյալ է համարվել, որից հետո շատ շենքեր վաճառվել են, այդ թվում եւ «Զվարթնոց»-ը, հետո նոր ցուցակը վերականգնվել է արդեն առանց այդ շենքերի», - նշեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Անդրադառնալով Հանրային խորհրդում հարցի քննարկմանը' Սաշուր Քալաշյանը ասաց ․ - «Եթե այսպիսի հարց է բարձրացվել, դա շատ վտանգավոր է, դա նույն շուկայի (Ծածկած շուկա) հարցն է, նույն պատմամշակութային ժառանգության կորստի վտանգն է մեր առջեւ կանգնած»: