Իտալիայի իրավապահ մարմիններն իրենց ռուս գործընկերներին տեղեկացրել են, որ միջազգային հետախուզում են հայտարարել 7 «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց մեծ մասը կարող է գտնվել Ռուսաստանի տարածքում, հաղորդում է Rosbalt-ը: Ռուսաստանի իրավապահ մարմինների աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ինտերպոլով հետախուզում է հայտարարվել Ռովշան Ջանիեւի (Ռովշան Լենքորանսկի), Ջեմալ Միքելաձեի (Ջեմո), Կոբա Ախվլեդիանիի (Կոբա), Լաշա Նիջարաձեի (Լաշա Ցխալտուբսկի), Կախա Մակալատիայի (Կախա), Կախաբեր Պարպելիայի (Կախա Գալսկի), Ռամազ Ջինչարաձեի (Ռամազ Թբիլիսցի), քրեական հեղինակություն Դավիթ Ղազարյանի դեմ, ով «օրենքով գող» Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) օգնականն է:
Նշվել է, որ «օրենքով գողերն» ու «հեղինակությունները» մասնակցություն են ունեցել սպանություններին, կազմակերպված հանցավոր գործունեությանը եւ փողերի լվացմանը: Իտալացիները կարծում են, որ այդ անձանց զգալի մասը կարող է գտնվել Ռուսաստանում, եւ Ռուսաստանի իշխանություններին խնդրել են համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Ըստ իրավապահների, ներկայումս հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանում են գտնվում Ջեմալ Միքելաձեն եւ Լաշա Նիջարաձեն, ովքեր ձերբակալվել էին 2013 թ-ին: Մինչ տեղեկատվությունը կփոխանցվեր Ռուսաստանին` այդ ընթացքում նշված անձանցից եւս մեկը` Ռամազ Ջինչարաձեն ձերբակալվել է Ֆանսիայի տարածքում: Հիշեցնենք, որ 2013թ. հունիսին Իտալիայի դիմումի հիման վրա Եվրոպոլը մասշտաբային հատուկ գործողություններ էր սկսել «օրենքով գող» Մերաբ Ջանգվելիձեի (Սուխումսկի) կլանի դեմ: Միաժամանակ Չեխիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում եւ Հունգարիայում ձերբակալվել էր 13 «օրենքով գող», այդ թվում` Սուխումսկին:
Պարզվել էր, որ մի քանի տարի շարունակ իտալացի ոստիկանները գաղտնալսել էին գանգստերներին, ովքեր քննարկել են «օրենքով գող» Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) վերացնելու պլանները: Վերջինս սպանվել էր Մոսկվայում, 2013թ. հունվարին: