Galatv.am Ազատամարտիկ, սոցիալական խնդիրների համար պայքարի դուրս եկած Վ. Ավետիսյանի կալանավորումից հետո շատերը սկսեցին համեմատել նրա գործը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի գործի հետ: Ինչպես հայտնի է, վերջիններիս առայժմ ազատ արձակեցին. ՊՆ գտավ, որ հիշյալ անձինք ինքնապաշտպանության նպատակով են կրակել:
Այսօր ԳԱԼԱ-ն զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ և ճշտել վերջինիս կարծիքը՝ նախ ազատամարտիկին ձերբակալելու թեմայով, քանի որ վերջինս ևս համարվում է Արցախյան պատերազմի մասնակից:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ազատամարտիկին կալանավորել են, Ս. Խաչատրյանն ասաց.
«Ես չեմ կարա իրավապահների գործունեությանը խառնվեմ, ճիշտն ասած, դա այնպիսի ծանր մեղադրանք ա, որ չեմ էլ ուզում բան ասեմ: Բայց կարելի՞ էր ազատամարտիկին նման մեղադրանք առաջադրել, եթե նման բան չլիներ: Եղավ, դա իմ խնդիրը չէ, դա իրավապահների խնդիրն ա, թող իրավապահները պատասխանեն, դա ծանր գործ ա, շատ ծանր գործ ա, ես չեմ կարող պատասխանել»:
Ս. Խաչատրյանին ասացինք նաև, որ մամուլում ակտիվ սկսեցին քննադատել ազատամարտիկի կալանավորումը հատկապես այն ֆոնին, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին ազատ են արձակել: Ս. Խաչատրյանը հարցը մինչև վերջ չլսեց և այսպես արձագանքեց.
«Իմ որդին իրան է պաշտպանել, իրա ընտանիքն ա պաշտպանել, այնպես որ, ես չգիտեմ էլ ազատամարտիկ Վոլոդյային ինչու են ձերբակալել, չգիտեմ ինչի համար են իրան բռնել: Բայց իմ որդին իրա ընտանիքն է պաշտպանել, խնդրում եմ մեկը մյուսի հետ մի կապեք, մեր գործի հետ մի խառնեք: Խնդրում եմ Վոլոդյայի գործն էլ իրավապահներին թողեք, իրանք կզբաղվեն, որովհետև դա բավականին ծանր գործ է, և ես էլ չեմ կարող ոչ մի հարցին պատասխանել»: