Hraparak.am Երեկ տեղեկացանք, որ Ճամբարակի ոստիկանապետ Յուրա Գեւորգյանն ու նրա երկու տեղակալները կալանավորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով: Բայց, մեր տեղեկություններով, խոսքը գնում է ծեծի մասին:

 

Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատեցին՝ մի վերապահումով. Յուրա Գեւորգյանն ու նրա տեղակալները ոստիկանապետի հրամանով ազատվել էին աշխատանքից եւ գտնվում էին կադրերի ռեզերվում: Պարզվեց, որ, իսկապես, նրանք օգոստոսի 27-ին՝ մոտ մեկ ամիս առաջ, ազատվել են աշխատանքից: Թե որն է ազատման պատճառը՝ չասացին:

 

Սակայն մամուլի արխիվներում մենք հայտնաբերեցինք, որ 2011-ի ամռանն այս ոստիկանությունում մի խայտառակ պատահար է գրանցվել. 34-ամյա տուժողը՝ Էմման, դուրս է նետվել, կամ նետել են ոստիկանական ավտոմեքենայից, եւ նա հիվանդանոցում մահացել է:

 

Իսկ մեքենայում է եղել Ճամբարակի փոխոստիկանապետը: Հետագայում դա ձեւակերպեցին որպես ինքնասպանություն՝ իբր տուժողն ու կասկածյալը, որոնց նստեցրել էին նույն մեքենայի մեջ, վիճել են, եւ կինն իրեն մեքենայից դուրս է նետել: Այդ ժամանակ նույնպես ոստիկանապետը Յու. Գեւորգյանն էր: