shamshyan.com Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան քաղաքի 9-րդ զանգվածի բնակիչ, 65-ամյա Խաչատուր Խաչատրյանը, վարելով Opel Fronterra մակնիշի 13 ՕՍ 867 համարանիշի ավտոմեքենան, Օշական գյուղի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետ՝ էլեկտրասյանը, և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց առաջին օգնություն են ցուցաբերել Օշականի բնակիչները՝ գյուղապետ Արամ Ներսիսյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի խումբը՝ օպերգծով տեղակալ, բաժնի պետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Խ. Խաչատրյանն ու վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Օշական գյուղի բնակիչ, 53-ամյա Մեսրոպ Միրիջանյանը, ում Աշտարակի բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղափոխեցին Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խմբին հայտնեցին, որ Մ. Միրիջանյանը մահացել է: