Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ-ում մինչ գլխավոր դատախազի հարցի քվեարկությունը ամփոփիչ ելույթներով հանդես եկան ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Մասնավորապես ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել էր, որ իրենք չեն վստահում Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված թեկնածուին, եւ հետեւաբար դեմ են քվեարկելու Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Դեմ քվեարկելու կոչով հանդես եկավ նաեւ ԱԺ Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Խորհրդարանում ներկայացված ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտնել էր, թե իրենք որոշել են կատարել ազատ որոշում եւ որ քվեարկելու են ըստ սեփական նախաձեռնության եւ որոշման: Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ քվեարկելու մասին նախապես հայտարարել էր միայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Սակայն արդյունքները հրապարակելուց հետո ակնհայտ դարձավ, որ Գ. Կոստանյանի թեկնածությանը դեմ են միայն երեք պատգամավոր:
Սույն հանգամանքը բավականին բուռն քննարկման թեմա դարձավ ոչ միայն լրատվամիջոցներում, այլ նաեւ սոցցանցերում: Եղան բարձրաձայնումներ այն մասին, որ անհրաժեշտ է կատարել վերահաշվարկ, որովհետեւ թվային պարզ հաշվարկն անգամ ցույց է տալիս, որ եթե խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժ դեմ է քվեարկելու Գ. Կոստանյանին, ուրեմն նա առնվազն երեք դեմ ձայն ստանալ չէր կարող:
Հնարավոր է՝ եղել է վրիպում, եւ որ ձայները ճիշտ չեն հաշվարկվել: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի հետ: Վերջինս նշել է, որ քվեաթերթիկների ամփոփմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, ՕԵԿ-ից Իշխան Խաչատրյանը եւ ՀՀԿ-ից Տաճատ Վարդապետյանը, ներկա չի եղել միայն Ժառանգությունից Թեւան Պողոսյանը:
Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ովքեր են ասել, որ դեմ են քվեարկելու: Դիտարկմանը, թե մասնավորապես ՀԱԿ-ն ու Ժառանգությունը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, ԱԺ պատգամավորն ասել է. «Այդ հարցերն ինձ մի տվեք, ես չգիտեմ»: Վերահաշվարկ հնարավո՞ր է լինի, հարցին հաշվիչ հանձնաժողովի նախագահն ասել է. «Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել, բայց եթե ցանկություն ունեն, եթե օրենքը թույլ է տալիս, թող դիմեն, համապատասխան կարգով վերահաշվարկ են ուզում, բուլետինները նայել են ուզում, իրենց խնդիրն է»:
Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ շփոթություն է եղել, եւ արդյունքները սխալ են հրապարակվել: Նա արձագանքել է. «Ոչ մի շփոթություն չի եղել, հստակ ամեն ինչ արվել է: Եթե ինչ-որ մեկը խնդիր ունի, բոլոր խմբակցություններն էլ մասնակցություն ունեցել են հաշվարկմանը, իրենք ոնց են պատկերացնում, ես չեմ կարող ասել: Ես մենակ չեմ հաշվել, կամ մենակ այդ թվերը չեմ հրապարակել»: Ընդհանուր առմամբ, ըստ Սուքիաս Ավետիսյանի, ինչ կապ ունի, թե ինչ է հայտարարվել նիստերի դահլիճում, ամեն դեպքում քվեարկությունը եղել է փակ եւ գաղտնի: «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե դահլիճում ով ինչ է ասել, քվեարկությունը գաղտնի է եղել, թող դա իրենք իրար մեջ գտնեն, հանձնաժողովն այստեղ խնդիր չունի, իրենք իրար մեջ որոշել են, հանձնաժողովն այդտեղ ասելիք չունի: Խնդիր են տեսնում, թող իրար մեջ նստեն խոսեն, պարզեն»:
Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ 95 թվականից սկսած վերահաշվարկ ԱԺ-ում չի եղել: