Այժմ աշխարհում հակամարտություն է ընթանում համամարդկային բազմամշակույթ քաղաքակրթության և գլոբալ ծայրահեղականության միջև, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Ցավոք, այսօր մենք հանձին գլոբալ ծայրահեղականության ունենք աշխարհաքաղաքական նոր դերակատար»,- ասել է նա ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը» թեմայով հանրային զեկույցի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի էր ունենում Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ձևաչափով։

Փորձագետը միևնույն ժամանակ նշել է, որ գլոբալ ծայրահեղականությանն աջակցում են ոչ միայն արևելյան միապետությունները, այլև արևմտյան ազդեցիկ տերությունները։

Գ.Հարությունյանը նաև նշել է, որ այսօր աշխարհում առկա է գլոբալ դիմակայություն, որի հիմքում ընկած է ոչ թե նյութական ռեսուրսներին (նավթ, գազ և այլն) տիրանալը, այլ տեղի է ունենում «գոտեմարտ մարդկանց հոգիների համար»։

«Իզուր չէ, որ նոր սերնդի պատերազմների հիմնական խնդիրը հակառակորդի արժեհամակարգը ոչնչացնելն ու այնտեղ սեփական մշակութային-քաղաքակրթական կոդը ներդնելն է»,- ավելացրել է փորձագետը։