Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Սամվել Խաչատրյանը, իր կողմից վարած BMW մակնիշի 33 ԼP 369 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելից դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել գետի մեջ:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Խաչատրյանը և ավտոմեքենայի ուղևորներ՝ 25-ամյա Լյուդվիկ Ավետիսյանը, 18-ամյա Գաբրիել Մկրտչյանը և 18-ամյա Վաչիկ Գզիրյանցը, մանրմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան գետի մեջ կողաշրջված էր, իսկ բոլոր վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Սևանի ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում էր Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը:

 

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ս. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ է, Լ. Ավետիսյանը նույն զորամասի սպա է՝ կոչումով ավագ լեյտենանտ, իսկ Գ. Մկրտչյանն ու Վ. Գզիրյանցը նույն զորամասի ժամկետային զինծառայողներ են: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Վիգեն Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն: Դեպքի վայրում ուժեղացված ծառայում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Մուրադ Երվանդյանը և Հայկ Սարգսյանը, ովքեր ճանապարհից հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի մերկասառույց դարձած նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենար: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին,որ պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է և ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ ճանապարհը սասարկող «Ճանշին»–ը «ուղտի ականջում քնած» ոչինչ չէին ձեռնարկել՝ այն վերացնելու ուղությամբ:

 

 

 

 shamshyan.com