«Ժառանգություն» կուսակցությունը խիստ մտահոգ է Հայաստանի Հանրապետությունում օրըստօրե վատթարացող սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակից՝ գնահատելով այն որպես օրհասական ու անհապաղ արձագանք պահանջող:

 

Բնակչության սոցիալական վիճակի վատթարացումը, այս տարվա փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների կեղծումն ու իշխանության բռնազավթումը եւ, որպես հետևանք, հասարակության լայն շերտերի հուսահատության, երկրում որևէ իրական բարեփոխման հեռանկարի անհնարինության զգացողության խորացումը, կոռուպցիայի, մի խումբ անձանց կողմից երկրի բյուջեի ու ազգային հարստության թալանի հարաճուն ծավալները, անարդարությունների, իրավական կամայականությունների, դատական ամենաթողության խրախճանքը, գնալով ահագնացող եւ տարեկան տասնյակ հազարների հասնող արտագաղթը վտանգում են Հայաստանի անկախ պետականության, ինչպես նաեւ ազատագրված Արցախի գոյությանը:

 

Մյուս կողմից՝ սույն թվականի սեպտեմբերի 3-ին երկրի արտաքին քաղաքական ուղեգծի միանձնյա եւ կտրուկ փոփոխությունը, Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման փոխարեն Մաքսային միությանն անդամագրվելու մասին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը լրջագույն մարտահրավեր դարձան Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ինքնիշխանության համար:

 

Ավելին՝ այդ միության մաքսային դրույքաչափերի ընդունումը մեր պետություններին սպառնում է գների շեշտակի աճով եւ բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ: Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն ընկնում է իշխանությունը գրաված վարչախմբի եւ անձամբ ՀՀ նախագահի պաշտոնը դե ֆակտո զբաղեցնող Սերժ Սարգսյանի վրա: Այս պայմաններում առավել քան մտահոգիչ է քաղաքական հետապնդումների այն թափը, որ իշխանությունները ծավալեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դեմ՝ Ստրասբուրգում վերջինիս հնչեցրած սթափեցնող գնահատականի եւ հարցի համար:

 

Մինչդեռ նա, անկախ հարցի բովանդակությունից, գործել է պատգամավորական իր լիազորությունների շրջանակներում՝ օգտվելով ազատ խոսքի իրավունքից, հետեւաբար ընդդիմախոս գործչի նկատմամբ ցանկացած հետապնդում համարում ենք անընդունելի եւ խստիվ դատապարտում ենք: «Ժառանգությունը» մտադիր չէ այլ անդամով փոխարինել ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության իր ներկայացուցչին: Իշխանություններից պահանջում ենք դադարեցնել տիկին Փոստանջյանի դեմ ուղղված քաղաքական հետապնդումները եւ վիրավորանքների ու լուտանքների արշավը եւ, ընդհանրապես, հարգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտության իրավունքը:

 

Իսկ նրանք, այդ թվում' բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր նրա հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչեցնում, պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: «Ժառանգությունը» միաժամանակ իր վճռականությունն է հայտնում շարունակելու Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգմանն ուղղված համազգային պայքարը:

 

 

 

 

«Ժառանգություն» կուսակցություն 15 հոկտեմբերի 2013թ., Երեւան