Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգևատրել ՀՀ պետական բարձր պարգևներով՝ շքանշանով, մեդալներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ ԳԱԱ 70-ամյակի առթիվ
Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհավորում եմ ձեզ Ակադեմիայի հիմնադրման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: 1935 թվականին ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի ստեղծմամբ իսկապես նոր և փայլուն էջ բացվեց հայոց գիտության զարգացման պատմության մեջ: Դա սկիզբն էր մեծ ճանապարհի, որով պիտի անցնեին տաղանդաշատ գիտնականների սերունդներ: Ոչ միայն անցնեին, այլ նաև փառքով պսակեին իրենց և իրենց ծնող ժողովրդի անունը:
Հայաստանի առաջավոր գիտությունը մեծապես նպաստել է մեր երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ խորհրդային Հայաստանը դասելով հզոր գիտաարտադրական ներուժ ունեցող երկրների շարքին: Ակադեմիան ձևավորել է հասարակական և ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ մտավորականների մի հսկայական բանակ, որն իր հերթին բարեփոխել է մի ողջ ժողովրդի հոգեկերտվածք:
Խորհրդային միության փլուզումը և անցման շրջանը ծանր էր բոլորի, այդ թվում և մեր գիտական համակարգի համար: Ունեցանք անխուսափելի կորուստներ: Սա նույնպես փաստ է, որքան էլ ցավալի է խոստովանելը: Այսօր մեր կարևորագույն խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածքները: Ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները: Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:
Խիստ կարևոր եմ համարում, որ բարեփոխումներն իսկապես լինեն բարեփոխումներ նաև գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման առումով: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ոլորտի փոփոխություններն ու արդիականացումը հանգեցնեն գիտաշխատողների սոցիալական վիճակի վատթարացմանը: Ճիշտ հակառակը: Համոզված եմ, որ մեր հասարակության մեջ պետք է վերականգնվի ոչ միայն գիտնականի սոցիալական բարձր կարգավիճակը, այլև նրա բարի համբավն ու բարձր հեղինակությունը: Սա պարտադիր պայման է աճող սերնդի խրախուսման հարցում: Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական:
Հարգելի՛ ներկաներ,
Բնական է, որ ժամանակն իր հետ նոր հնարավորություններ է բերում: Ես խոսում եմ միջազգային գիտական համագործակցության մեծացող հնարավորությունների մասին: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրների գիտությունը անհնար է պատկերացնել առանց միջազգային համագործակցության: Ներկա աշխարհում դա պարզապես անհնար է: Մենք առավել ևս պետք է շահագրգիռ լինենք և կտրուկ ընդլայնենք մեր գիտական միջազգային համագործակցությունը: Եթե մենք հպարտորեն արձանագրում ենք, որ խորհրդային համագործակցության համատեքստում կարողացել ենք լուրջ նվաճումներ արձանագրել, ապա նույնը պետք է փորձենք անել արդեն ներկայիս բազմակողմանի համագործակցության համատեքստում:
Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հեռանկարներն իմ կարծիքով հենց այդ համագործակցության ծիրում են: Այլ հեռանկար մենք չունենք: Բայց ասվածը չի նշանակում, թե իբր մեր գիտական հանրությունը չունի կամ չի կարող ունենալ ներքին պատվիրատու: Այս իմաստով, ես կարևոր եմ համարում Ակադեմիայի գիտական կառույցների և անհատ գիտնականների համագործակցությունը տնտեսության և մասնավորապես արտադրության ներկայացուցիչների հետ:
Սիրելի՛ գիտնականներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ հոբելյանի առթիվ: 70 տարում ձեր նախորդները և դուք կատարել եք անհավանական մեծ աշխատանք, որ, իմ խորին համոզմամբ, պետք է կոչել գիտական սխրանք: Մաղթում եմ ձեզ, որ դուք արժանիորեն շարունակեք Գիտությունների ազգային ակադեմիայի փառավոր ավանդույթները, հարստացնեք դրանք ձեր նոր ձեռքբերումներով ու փորձով, պատրաստեք և ձևավորեք հայ գիտնականների նոր սերունդներ՝ ի փառս մեր երկրի և Հայաստանի գիտության:
Շնորհակալություն: