Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ազատում է Թբիլիսիի Դիգոմի շրջանում իրեն հատկացված տունը, որը տրամադրել էր նրան պետությունը: Ինչպես լրագրողներին հայտարարել է Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը, նախագահական նստավայր է ժամանել հանձնաժողովը, որն արդեն գույքագրում է կատարել: «Մենք տեղափոխում ենք մեր անձնական իրերն ու գույքը»,-ասել է նա:

 

Առաջին տիկինը ափսոսանք է հայտնել, որ ստիպված է լքել տունը, ուր այդքան տարի ապրել է:

 

Սաակաշվիլին ինքն է անձամբ տեղավորել իր իրերը մեքենայի մեջ և օգնել է բեռնել մեքենան:

 

Ինչպես հայտարարել է Սաակաշվիլին, իրենք ընտանիքով տեղափոխվում են «Ռուսթավելի» մետրոյի մոտ գտնվող բնակարան, ուր մինչ օրս ապրում էր Սաակաշվիլիի տատիկը:

 

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին երկրում նախագահական ընտրություններ են անցկացվելու, քանի որ լրանում է Սաակաշվիլիի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը: