Իրանի իշխանությունները շաբաթ օրը առավոտյան կախաղան են բարձրացրել 16 ապստամբի: Նման որոշում է կայացվել նախօրեին Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի արդյունքում զոհվել էր 17 (որոշ տվյալներով' 14) իրանցի սահմանապահ. գրում է AFP-ն:

 

«Գործող վարչակարգի հանդեպ թշնամաբար տրամադրված խմբավորման հետ կապ ունեցող 16 ապստամբներ կախաղան են բարձրացվել այս առավոտյան իրանական բանտում: Նման որոշում է կայացվել' ի վրեժխնդրություն սպանված իրանցի սահմանապահների»,-ասել է Սիսթան և Բելուջիսթան գավառի գլխավոր դատախազ Մուհամմեդ Մարզին:

 

Հիշեցնենք, որ Իրանի հարավարևելյան Սիսթան-Բելուջիսթան գավառում' Սարավան քաղաքի ուղղությամբ իրանցի սահմանապահների և Պակիստանից ներխուժել փորձող զինված խմբավորման միջև զինված ընդհարման արդյունքում 17 իրանցի սահմանապահ է զոհվել:

 

Համաձայն տվյալների' հրաձգության ժամանակ վիրավորվել է նաև սահմանապահ ոստիկանական զորքերի 5 աշխատակից, ևս 4 ոստիկան էլ գերի է վերցվել:

 

Նախնական վարկածի համաձայն' միջադեպը կազմակերպվել է հակակառավարական ահաբեկչական խմբավորման կողմից: