Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը:

 

Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև Հրանտ Դինքի հուշատախտակի բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին:

 

Այնուհետ Երևանի քաղաքապետն ու Հրանտ Դինքի ընտանիքի անդամները ներկա են գտնվել օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված «Ես Հրանտ Դինքն եմ» խորագիրը կրող միջոցառմանը:

 

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել Հրանտ Դինքի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես այսօրվա սերնդի համար. «Հրանտ Դինքը որպես ուսուցիչ, որպես խմբագիր, որպես հրապարակախոս, իր ասելիքներն ու գրվածքները, իր կերպն անընդհատ ուսումնասիրման առիթ է լինելու բոլորիս համար: Միևնույն ժամանակ նաև խորհուրդ՝ մեր հոգածության ներքո առնելու սփյուռքի մեր յուրաքանչյուր զավակին, քանզի նրանց մեջ են նաև ստեղծագործ կերպերը, որոնք շարունակում են պահպանել հայ ինքնությունը, տեսակը և հայեցի դրսևորումները: Գնահատելի է, որ այսօրինակ ջերմությամբ է այսօր անվանակոչվում այս դպրոցը, այսպիսի հարգանքով ու, որ ամենակարևորն է, ազգայինի գիտակցմամբ»,- նշել է Արամ Սուքիասյանը:

 

Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության, ինչպես նաև հրանտդինքյան ոգով ու շնչով առլեցուն օրվա համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն