Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ոստիկանության Սևանի բաժին է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ 25-ամյա Հովնան Գուլանյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս ոստիկանություն է ներկայացել Սևանի հիվանդանոցից, որտեղ գնացել էր իր կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով այսօր առավոտյան Ծովագյուղում 2 հոգու վրաերթի ենթարկելուց հետո:
Հ. Գուլանյանը ոստիկանությունում խոստովանել է, որ վրաերթից հետո ինքը փախուստի չի դիմել, պարզապես վախենալով հաշվեհարդարից, հեռացել է ավտոմեքենայով և մեկ այլ ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր, նոյեմբերի 4-ին վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ВАЗ 2101 մակնիշի 06 ՍՍ 538 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 5-ամյա Լիլիթ Պետրոսյանին և 35-ամյա Քրիստինե Պետրոսյանին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել էր անօգնական և ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցներն ու ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ծովագյուղում հայտնաբերել էին նշված ավտոմեքենան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են, իսկ երեխային տեղափոխել էին Երևան: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արկադի Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանությունը ձեռնարկում էր օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: