Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Մոսկվայում քիչ է մնացել գրանցվի տասնյակ ուղևորներով լի «Բոինգ 737» երկու օդանավի մասնակցությամբ խոշոր աղետ:

 

Նշվում է, որ «Տրանսէրո» ընկերության օդանավը, որը Մոսկվա է ժամանել Երևանից, վայրէջք կատարելիս շեղվել է իր ճանապարհից և 600 մետր բարձրության վրա հայտնվել է «Յուտեյր» ավիաընկերության ինքնաթիռի ճանապարհին, որը գտնվել է նույն բարձրության վրա՝ Արխանգելսկից Մոսկվա ժամանելիս: Դիսպետչերներին հաջողվել է նրանց հեռացնել միմյանց ճանապարհից, երբ օդանավերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 2.5 կիլոմետրի:

 

Վերջին պահին ինքնաթիռներից մեկի անձնակազմին հրահանգել են անհապաղ բարձրություն հավաքել, իսկ մյուս ինքնաթիռի անձնակազմին՝ անհապաղ թեքվել դեպի ձախ: Երևանից ժամանող «Բոինգը» շրջվելիս հայտնվել է արգելված գոտում: Իսկ մյուս ինքնաթիռը, շարունակելով թռիչքը 600 մետր բարձրության վրա, անցել է բնակելի շենքերից վտանգավոր հեռավորության վրա: Ավելի ուշ օդաչուներին հաջողվել է իրենց օդանավերը դուրս բերել պլանավորված երթուղի և հաջողությամբ վայրէջք կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

 

Միջադեպի մասին նյութերը մոտ ժամանակում կուղարկվեն Ռուսաստանի տրանսպորտային ոլորտի հսկիչ դաշնային ծառայությանը:

 

«Տրանսաէրո» ընկերությունում հերքել են իրենց օդանավի և մեկ այլ «Բոինգիե վտանգավոր մոտեցումը:

 

«Վնուկովո» օդանավակայանում աննշան խափանվել է ավտոմատ սարքավորումների աշխատանքը, սակայն անձնակազմը ժամանակին արձագանքել է, և մեքենան բարեհաջող իջեցրել: Ուղևորների կյանքին որևէ վտանգ չի սպառնացել: