Հոկտեմբերի 13-26-ը Ուկրաինայի «Պետական լեռնային հսկողության և արդյունաբերական անվտանգության» պետական ծառայության գլխամասային ուսումնամեթոդական կենտրոնի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում՝ վերապատրաստման նպատակով Կիև էին գործուղվել ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի 10 փորձագետներ՝ կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի գլխավորությամբ:

 

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Պետրոսյանը զեկուցեց գործուղման արդյունքների մասին.

 

- Առաջին անգամ Ուկրաինայի տեխնիկական անվտանգության փորձագետի վկայականներ տրվեցին օտարերկրյա քաղաքացիների: Դա հնարավորություն է տալիս «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին դուրս գալ միջազգային ասպարեզ:

 

Բանակցությունների արդյունքում «Պետական լեռնային հսկողության և արդյունաբերական անվտանգության» պետական ծառայության Գլխամասային ուսումնամեթոդական կենտրոնի հետ կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերապատրաստում անցած հինգ փորձագետ ևս հինգ օր շարունակել է ուսումը Կիևում, որի ավարտին մեր բոլոր մասնագետները ստուգարք են հանձնել գերազանց գնահատականով:

 

Վերապատրաստումն իրականացվել է տեսական և գործնական պարապմունքներով: Դասախոսություններ են եղել հետևյալ թեմաներով.

 

- Ուկրաինայի և Հայաստանի տեխնիկական անվտանգության օրենսդրության յուրահատկությունները և պահանջները.

 

- տեխանվտանգության հիմնական ռիսկերը.

 

- արտադրական վտանգավոր օբեկտներում տեղի ունեցող դժբախտ դեպքերի տեխնիկական քննության իրականացման կարգը

 

- տեխանվտանգության փորձաքննության իրականացումը բաց և փակ եղանակով իրականացվող լեռնահանքային օբեկտներում.

 

- տեխանվտանգության փորձաքննության իրականացումն ամբարձիչ կռունկների, ճոպանուղիների, կարուսելների և շարժասանդուղքների ոլորտում.

 

- հրդեհատեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը.

 

-վերելակների անվտանգ շահագործման կանոնները.

 

- տեխանվտանգության փորձաքննության իրականացումը ճնշման տակ աշխատող սարքավորումների և կաթսայատեղակայանքների ոլորտում.

 

- տեխանվտանգության փորձաքննության իրականացումը նավթամթերքների, գազի և գազատարների սարքավորումների ոլորտում.

 

- պայթեցման աշխատանքների անվտանգության կանոնները:

 

Ուսումնական ծրագրի շրջանակներում եղել են այցելություններ վերելակների «КАРАТ-ЛИФТКОМПЛЕКТ» գործարան, МТЦ «ЗEЛЕННАЯ ПОЛЯНА» շինարարական հրապարակ, ինչպես նաև Կիևի փորձագիտական կենտրոնի արտադրական վտանգավոր օբյեկտների փորձաքննության ժամանակ օգտագործվող չափիչ-ստուգիչ սարքերի լաբորատորիա:

 

Կայացել է հանդիպում Կիևի և Օդեսայի մարզերի փորձագիտական կենտրոնների պետեր՝ Գենադի Պանամարովի և Վլադիմիր Գոնչերենկոյի հետ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում վերոհիշյալ մարզերում համատեղ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:

 

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին հանձնեց միջազգային վկայականներ և շնորհավորելով հաջողությունների համար՝ մասնավորապես ասաց.

 

- Ես շատ եմ կարևորում տեխանվտանգության ազգային կենտրոնի աշխատանքը և կարող եմ ասել, որ դուք ևս մեկ քայլ առաջ եք գնացել: Մենք կարողացել ենք հասնել նրան, որ հանրապետությունում իրականացվող փորձաքննությունների մեծ մասը կատարեն մեր մասնագետները: Մեզ վստահում են, իսկ վստահության քվեն շահելն այդքան դժվար չէ, ինչքան պահպանելը: Մենք միասնական թիմ ենք, դեռ շատ անելիքներ ունենք ու միասին պիտի շարժվենք առաջ: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում ձևավորված լավ թիմի համար:

 

Կարևորելով երկկողմանի համագործակցությունը՝ Ուկրայինայի «Պետական լեռնային հսկողության և արդյունաբերական անվտանգության» պետական ծառայության հետ ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ հետագայում ևս ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին վերապատրաստելու վերաբերյալ: Բանակցություններ են տարվում նաև Ուկրաինայում արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող կազմակերպությունների հետ' այնտեղ ևս փորձաքննություններ կատարելու նպատակով: