Երեւանի Ազատության հրապարակում «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը վերսկսել է ստորագրահավաքը՝ քաղաքացիներին կոչ անելով դեմ կանգնել իշխանությունների ինքնակամ ու ապօրինի որոշումներին, քանի որ դրանք անմիջականորեն անդրադառնում են քաղաքացու սոցիալական վիճակի վրա: Երեկ խումբը երկու ժամերի ընթացքում 700 ստորագրություն է հավաքել, եւս 10 օր կշարունակվի ակցիան՝ ծավալվելով նաեւ մարզերում:

 

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբ հայտարարեց, որ գազի սակագինը ցանկանում է թանկացնել, մենք մի քանի ակցիաներ կազմակերպեցինք կառավարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջ, մի երկու անգամ մասնակցեցինք, սակայն գլխավոր նիստին թույլ չտվեցին մասնակցել, որի ժամանակ նախագահ Ռոբերտ Նազարյանը որոշեց թանկացնել: «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը որոշեց դիմել ՀՀ վարչական դատարան, երկու անգամ տարբեր պատրվակներով վերադարձրեց հայցը»,- պատմում է նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը՝ նշելով, որ գրավոր դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի իրենց տրամադրվի Ռուսաստանից սահմանի վրա ստացվող գազի սակագինը, սակայն մինչ օրս չեն հատկացրել:

 

«ՀԱԿ պատգամավորը՝ Արամ Մանուկյանը, եւս դիմել է վարչապետին, հավելված են տրամադրել, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն, թե ՀՀ-ը ինչ գնով է ձեռք բերում, բացի սրանից, էլցանցերը չի դիմել հանձնաժողովին, այլ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ է հանդես եկել ու թանկացրել էլեկտրաէներգիան»,- նշեց Անի Կաղինյանը:

 

Յուրաքանչյուր քաղաքացու գրպանից որոշակի ավելի գումար հավաքելով՝ ոչ թե ռուսական կողմից ձեռք բերված գազի ծախսն է փակվում, այլ բյուջե կամ էլ վատագույն դեպքում իշխանավորների գրպաններն է գնում, համոզված են ստորագրահավաքի նախաձեռնողները, ովքեր ամիսներ շարունակ փորձել են հասկանալ, թե ինչ եղանակով ու ինչի պատճառով են տեղի ունեցել թանկացումները:

 

«Որոշեցինք ստորագրահավաք անցկացնել, քանի որ վերաբերում է բոլորիս, էստեղ ամենակարեւորը ոչ թե գազն է, այլ էլեկտրաէներգիան, որը կարող են մատչելի գներով վաճառել, բայց քանի որ հանրապետությունից վերածվել ենք բռնապետության, գրպանի շահը ավելի կարեւոր դարձել ու ամեն գնով պայմաններ են ստեղծում, որ հայ մարդը արտագաղթի»,- համոզված է Անի Կաղինյանը:

 

Իսկ ստորագրահավաքը հասարակության ձայնը բարձրացնելուն զուգահեռ եւս մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի իշխանությունները համոզվեն, որ մի քանիսի փոխարեն, ինչպես ներկայացվել է, մեծամասնությունն է դժգոհ նմանատիպ թանկացումներից:

 

Քաղաքացիներից շատերն ինքնակամ ցանկություն են հայտնել մասնակցել ակցիային ու իրենց ծանոթների շրջապատում են սկսել ստորագրահավաք: Նրանց ակտիվությունը վկայում է, որ շատերն են կողմ ապօրինի որոշումը կանխելու իշխանությունների քայլերին: Իսկ վարչական դատարանից ակցիայի նախաձեռնողների սպասելիքները մեծ չեն: Այնուամենայնիվ, միայն որոշման հրապարակումից հետո կորոշեն հետագա կտրուկ անելիքները:

 

Տեսանյութը`Գալա-ի: