Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ նա առանց որեւէ պատճառի գոռգոռացել եւ վիրավորել է Russia Today-ի հղի լրագրողին: Միջադեպից հետո լրագրողին շտապ օգնության մեքենայով տարել են հիվանդանոց: Բժիշկների խոսքով' լրագրողի վիճակը ծանր է, նա պետք է մի քանի օր մնա բուժանձնակազմի վերահսկողության տակ. մեծ է պտուղը կորցնելու վտանգը:

 

Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, վերոնշյալ միջադեպը մեծ դժգոհություն է առաջացրել հասարակական տարբեր շրջանակներում եւ սոցցանցերում: Պետդումայում հավատարմագրված լրագրողները առավոտվանից ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ժիրինովսկու: Նրանք պահանջում են, որ հարցը քննվի էթիկայի հանձնաժողովում, Ժիրինովսկին էլ ներողություն խնդրի լրագրողից: Ստորագրահավաքին մասնակցել են հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներչը. նրանք հայտարարել են, որ Ռուսաստանում լրագրողներ ի իրավունքները պաշտպանված չեն եւ քաղաքական գործիչները պետք է հարգեն իրենց մասնագիտությունն ու ավելորդ անդաստիարակությամբ աչքի չընկնեն:

 

Հայտարարություն է տարածել նաեւ Russia Today-ի ղեկավարությունը' պահանջելով, որ Ժիրինովսկին ներողություն խնդրի: Հակառակ պարագայում լրատվամիջոցը կդիմի դատարան' բարոյական վնասի փոխհատուցման եւ լրագրողին անհիմն վիրավորելու համար:

 

Արդեն երկրորդ օրն է' Ժիրինովսկին չի պատասխանում հեռախպոսազանգերին: Կուսակցությունում ասում են, որ առաջնորդը տեղում չէ, եւ իրենք չեն կարող մեկնաբանությամբ հանդես գալ:

 

Մինչ Ժիրինովսկին լռություն է պահպանում, «Եդինայա Ռոսիա»-ի առաջին փոխնախագահ Նիկոլայ Բուլաեւը քննադատել է միջադեպը՝ համարելով այն ամոթալի երեւույթ: Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության եւ վետերանների հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Իսաեւն էլ հայտարարել է, որ էթիկայի հանձնաժողովը չի կարող պատժամիջոց սահմանել, հետեւաբար լրատվամիջոցը պետք է դիմի դատարան: Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վսեվոլոդ Բոգդանովն էլ ամոթալի է որակել Ժիրինովսկու նման պահվածքը:

 

Միջադեպը քննադատել են նաեւ Ռուսաստանում գործող իրավական եւ հասարակական կազմակերպությունները, լրագրողական հիմնախնդիրներով զբաղվող կառույցները: Պետդումայի Էթիկայի հանձնաժողովը հարցը կքննարկի մեկ ամսվա ընթացքում: