Ուկրաինան, ենթարկվելով ռուսական կողմի ճնշումներին, չկարողացավ դիմակայել այս փորձությանը. Խաչատուր Քոքոբելյան

 

Ուկրաինան, ենթարկվելով ռուսական կողմի ճնշումներին, չկարողացավ դիմակայել այս փորձությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի կառավարության կողմից Եվրոպական միության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքների կասեցման մասին համապատասխան որոշմանը:

 

«Կարծում եմ և չեմ բացառում, որ Ուկրաինան չի գնա նաև Մաքսային միություն, այս գործընթացը կշարունակվի դեռևս երկար: Ուկրաինան ոչ թե դադարեցրել է, այլ կասեցրել է գործընթացը: Իսկ դա նշանակում է, որ չի կարելի համարել այդ էջը փակված»,-ասաց նա:

 

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ռուսական կողմի ճնշումները պայմանավորված են երկու գործոնով: Դրանցից առաջինը գազն է, իսկ երկրորդը՝ այն հանձնաժողովը, որտեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշումներ են ընդունվում այն մասին, թե որ ապրանքները պետք է մտնեն ՌԴ, իսկ որոնք՝ ոչ:

 

«Ուկրաինան ՀՀ-ի նման զուտ ֆիզիկական անվտանգության խնդիր չունի, բայց այստեղ էլ գործում են իմ ասած երկու գործոնները, որոնց մասին բազմիցս խոսել է ռուսական կողմը»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության մյուս երկու երկրներին՝ Վրաստանին ու Մոլդովային, որոնք նախապատրաստվում են Վիլնյուսում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Խաչատուր Քոքոբելյանը այն վստահությունը հայտնեց, որ Վրաստանն ի վերջո կնախաստորագրի, սակայն նույն վստահությունը չունի Մոլդովայի նկատմամբ:

 

Թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահների վրա ՄՄ-ին անդամակցելու համար Վլադիմիր Պուտինը կիրառել է КГБ-ական տեխնոլոգիան. Արթուր Սաքունց

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ Վլադիմիր Պուտինը թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահների վրա ՄՄ-ին անդամակցելու համար կիրառել է КГБ-ական տեխնոլոգիան։ Tert.am-ի հետ զրույցում իրավապաշտպանը նկատեց, որ հերթական անգամ համոզվում է, որ իշխանություն և իշխանական լիազորություն ունեցող անձը, ով խոցելի է իր կենսակերպով, ունի կոռուպցիոն ռիսկեր միշտ խոցելի է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին հարաբերությունների հարցում:

 

«Թվում էր, թե Հայաստանի ու Ուկրաինայի պարագայում ինչ-ինչ գործոններ կարող են ազդել, հարց էր հնչում, թե ի՞նչ գործիքներ ունի Պուտինը, որ կարողանում է համոզել երկրի ղեկավարին փոխել իր որոշումը: Եթե Հայաստանում համոզում էին, որ դա կապված է անվտանգության խնդիրների հետ, ապա հիմա հասկանում եմ, որ նույն տեխնոլոգիան Պուտինը կիրառել է նաև Ուկրաինայի նախագահի վրա։ Քանի որ Ուկրաինայում անվտանգության խնդիրներ չկան, Պուտինն իր ԿԳԲ-ական տեխնոլոգիան կիրառեց՝ նախագահի՝ միջազգային հարաբերություններում առավել խոցելի լինելու պատճառով»,-ասաց նա։

 

Հարցին, թե ավելի վաղ Սաքունցը պնդում էր, թե ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայում ամեն ինչ միանձնյա չի որոշվում, իրավապաշտպանը պատասխանեց. «Փաստորեն Ուկրաինայում քննարկում գնաց բիզնես ներկայացուցիչների շրջանակում, և նրանք ավելի շատ հակված էին դեպի Արևմուտք, բայց ըստ էության միանձնյա որոշում կայացվեց: Այսինքն՝ սա գալիս է ապացուցելու երկիրը ղեկավարողի անձնական խոցելիության մասին»:

 

Արթուր Սաքունցն ամեն դեպքում կարծում է, որ նման գործելակերպը շատ կարճաժամկետ նշանակություն կունենա։ «Պուտինի անձնական պլանների մեջ մտնում է ձախողել նախաստորագրման գործընթացը և երկրորդ փուլում նոր բռնակցել այդ երկրները ՄՄ-ին: Ես վերստին ասում եմ՝ սա նվաստացուցիչ վերաբերմունք է: Եթե մենք մեր երկրում իշխանությունների հետ կապված հարցերում կարող էինք խոսել մարդու իրավունքների խախտման, արժանապատվության ոտնահարման դրսևորումների, դրանց դեմ պայքարի տարբեր մեթոդների մասին, հիմա մենք հանգում ենք նրան, որ մեզ զրկում են նույնիսկ այդ հնարավորություններից»,-ասաց նա:

 

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի՝ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մարդկային արժանապատվության մասին խոսելը դառնում է ավելորդ: «Սա այն մարտահրավերը չէ, որ ունես ոչ լեգիտիմ իշխանություն և որը փոխելու հնարավորությունը դու ժամանակի ընթացքում կարող ես ունենալ: Հիմա այդ հնարավորություններն ի սկզբանե բացակայում են, որովհետև ՄՄ-ի պարագայում դու դառնում ես այնպիսի համակարգի մաս, որը որոշումներ է ընդունելու քո վերաբերյալ»,-ասաց նա:

 

Հարցին, թե, ըստ նրա, Մոլդովան ու Վրաստանը կնախաստորագրե՞ն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, Սաքունցը պատասխանեց. «Կարծում եմ, որ թե Վրաստանի, թե Մոլդովայի պարագայում, երկրի ներսում կարողացել են ժողովրդավարական զարգացման այնպիսի ուղի մտնել, որոնք ամբողջովին հակասում են Մաքսային միության մոտեցումներին և Պուտինի մոտեցումներին»։

 

«Մոլդովայի հարցով շուտ է որևէ բան ասել, որովհետև այն առաջին հերթին կախված է Ուկրաինայից նաև տնտեսության առումով, տարածքային խնդիրներ ունի, բայց Վրաստանի դեպքում համոզված եմ, որ կգնա այդ գործընթացին»,-ասաց նա և ընդգծեց, որ որևէ անսպասելի բան չկա: