Ուկրաինայի ձերբակալված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերանայել կառավարության որոշումը, կասեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի սառեցման որոշումը, և իր նամակում խոստովանել է, որ էմոցիաների ազդեցության տակ ինքը ցանկանում էր նրան «պարզապես սպանել»: Այս մասին ասվում է Յանուկովիչին գրված Տիմոշենկոյի նամակում, որը հրապարակվել է «Բատկիվշչինա» կուսակցության պաշտոնական կայքէջում:
«Վիկտոր Ֆյոդորովի՛չ: Այսօր ես արդեն կարող եմ հանգիստ Ձեզ նամակ գրել: Անկեղծ ասած, երեկ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո ես ուղղակի ցանկանում էի ձեզ սպանել: Կարծում եմ նույն բանն է զգացել և ձեզ հավատարիմ ժողովրդի 70 տոկոսը: Ներեք մեզ այդ ինքնաբուխ էմոցիաների համար, քանի որ մենք մարդիկ ենք և երբեմն մեզ համար դժվար է զսպել էմոցիաները: Դուք միակն եք, ով կարող է դա անել»,- ասվում է Տիմոշենկոյի նամակում:
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել ընդդիմությանը հրավիրել ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը և որոշում կայացնել նոյեմբեր ամսին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին:
Մինչ այդ, երկրի կառավարության ԵՄ հետ ասոցացման նախապատրաստման աշխատանքների կասեցման որոշումից դժգոհ ուկրաինացիները դուրս են եկել փողոց' պահանջելով կառավարության հրաժարականը: