Այսօր' նոյեմբերի 29-ին, քաղաքապետ Սամվել Բալասնայանն ընդունեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին: Ողջունելով բռնցքամարտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահին' քաղաքապետն անդրադարձավ Գյումրիի բռնցքամարտի պատմության ուշագրավ դրվագներին, ինչպես նաև մարզաձևում առկա հիմնախնդիրներին:

 

Պատասխան խոսքում Արթուր Գևորգյանը ներկայացրեց ոլորտի զարգացման իր տեսլականը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, չնայած առկա բոլոր հիմնախնդիրներին, մարզաձևը հեռանկարային է, ինչպես նաև կարևորեց մարզային կառույցների հետ սերտ համագործակցությունը:

 

Որպես բռնցքամարտի Շիրակի մարզի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ արվում է առավելագույնը հատկապես հեռանկարային մարզիկներին համապատասխան պայմաններով ապահովելու համար, չնայած որ տեղական հնարավորությունները խիստ սահմանափակ են:

 

Իր հերթին Արթուր Գևորգյանը կարևորեց ֆեդերացիայի կազմում մարզերի ներկայացուցիչների ներգրավվածությունը, որը կապահովի արդյունավետ աշխատանք մարզերի հետ, ինչպես նաև կբարձրացնի մրցակցության մակարդակը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բռնցքամարտի զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս: