Սևաստոպոլի քաղաքային խորհրդի պատգամավոր Սերգեյ Սմոլյանինովն առաջարկել է ռուսական զորքերը մտցնել Ուկրաինա: Նման խնդրանքով նա դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. մեջբերում է տեղական ForPost պարբերականը:
Ուղերձի հեղինակը հայտարարել է, որ ներկայումս հանրապետությունում արևմտյան հատուկ ծառայությունների կողմից տեղի է ունեցել իշխանության տապալման փորձ, կազմակերպվել են անկարգություններ:
Այս կապակցությամբ նա խնդրել է ՌԴ նախագահին ռազմական կամ այլ օգնություն ցուցաբերել Ուկրաինայի սուվերենության, Ղրիմի ռուս ազգաբնակչության պաշտպանության համար:
«Մենք խնդրում ենք համաձայնեցնել Ուկրաինայի կառավարության հետ ՌԴ զինված ուժերը մտցնելու հարցը' ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերին դիմագրավելու համար»,-ասել է Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» խմբավորման անդամը:
Նմանատիպ խնդրանք' ուղղված ամերիկացիներին, հայտնվել էր Սպիտակ տան պաշտոնական կայքում: Խնդրահայցը կոչ է անում զինված ուժ մտցնել Ուկրաինա' Յանուկովիչի բռնապետության դեմ:
100 հազար ձայն հավաքելու դեպքում Սպիտակ տունը ստիպված է լինելու քննարկել այն: