Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Կամո Բունիաթյանի գործի դատավարությունը:
2012 թվականի փետրվարի 4-ին Մաշտոցի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: «Շահումյան 2» գերեզմանատան 15-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով:
Հանցագործությունը «տաք հետքերով» չի բացահայտվել: Գործի վարույթը որոշ ժամանակ մնացել է կասեցված: Միայն 2013 թվականի հունվարի 22-ին է հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով 36-ամյա Կամո Բունիաթյանը ներգրավվել որպես մեղադրյալ:
Այդ ժամանակ Բունիաթյանն արդեն դատապարտված էր մեկ այլ քրեական գործով:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով նա մեղավոր էր ճանաչվել դիտավորյալ սպանության փորձ կատարելու համար՝ 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել էր 8 տարի ազատազրկման: Այդ պատժի սկիզբը հաշվվել էր 2012 թվականի մայիսի 5-ից, երբ Բունիաթյանն արգելանքի տակ էր առնվել:
Սպանությունը, որի համար մեղավոր է ճանաչվել Կամո Բունիաթյանը և ավելի վաղ բացահայտված, բայց սպանությունից հետո կատարված սպանության փորձը ընդհանրություն ունեն ոչ միայն կատարողի՝ Բունիաթյանի անձի առումով, այլև սպանության գործով ականատես վկայի՝ Հ.-ի առումով, ով երկրորդ՝ սպանության փորձի գործով արդեն տուժող էր:
Այսինքն, Կամո Բունիաթյանը սպանության փորձ էր կատարել ավելի վաղ կատարած սպանության ականատես վկայի նկատմամբ:
Ի՞նչն էր կապում Կամո Բունիաթյանին, սպանված Մկրտիչին ու սպանության փորձի ենթարկված կնոջը՝ Հ.-ին:
Դատական ակտի համաձայն՝ Կամոն մարմնավաճառությամբ զբաղվող Հ.-ին ճանաչել է մոտ երկու տարի: Հ.-ն ճանաչել է նաև սպանված Մկրտիչին՝ տաքսու վարորդին, ում «պապիկ» էր ասում:
Հ.-ն օգտվել է «պապիկի» տաքսուց, իսկ Կամոն օգտվել է մարմնավաճառուհուց՝ նրա արհեստի բերումով:
Մանրամասներն՝ www.1in.am-ում: