Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում, ընդհանուր առմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան դրական են գնահատում:

 


«Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք շատ կարևոր փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմաքաղաքական: Իմ կարծիքով՝ հենց դա է ամենակարևոր ձեռքբերումը: Սա շատ կարևոր է տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու տեսանկյունից, նաև՝ տնտեսական նոր հնարավորություններ կընձեռվեն Հայաստանին՝ ավելի դինամիկ զարգանալու համար»,- նշեց Դ. Բաբայանը:

 

Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց, որ Արցախում չի հանդիպել Պուտինի այցի թեմայով քննարկման:

 

«Ծավալվող գործընթացները խիստ անհանգստացնող են. Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանի իշխանությունը Հայաստանի ինքնիշխան լիազորությունները պատվիրակել է վերպետական այլ մարմնի»,-ասաց Հայկ Խանումյանը:

 

Ըստ նրա՝ մենք, փաստորեն, զրկվել ենք երրորդ երկրի հետ մեր հարաբերություններում ինքնուրույն մաքսային քաղաքականություն իրականացնելուց:

 

«Գիտենք նաև ոչ վաղ անցյալի պատմությունը, երբ ռուսական ներկայությունը տարածաշրջանում ողբերգական հետևանքների հանգեցրեց Արցախի համար, երբ կայսրության փլուզման պահին ռուսական ամբողջ զենքն ու զինամթերքը մնաց Ադրբեջանում, իսկ Ադրբեջանն այն ուղղեց հայության դեմ: Ցանկացած կայսրության ցանկացած ակտիվացումից մեզ վտանգ է սպառնում»,-նկատեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը:

 

Հ. Խանումյանի հավաստմամբ՝ լավագույն Ռուսաստանը ո´չ թե մետրոպոլիա Ռուսաստանն է, այլ՝ դաշնակից Ռուսաստանը: «Սա իմ խորին համոզմունքն է: Հայաստանի իշխանությունների ապիկար քաղաքականության պատճառով մենք կորցրել ենք դաշնակից Ռուսաստանին և վերգատել մետրոպոլիա Ռուսաստանը»,-եզրափակեց Հ. Խանումյանը: