Այսօր Ազգային ժողովում հրավիրվել էր դռնփակ նիստ, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինիս հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ կապված էր Մաքսային միությանը անդամակցելու Սերժ Սարգսյանի' Մոսկվայում արած հայտարարությանը:
Նիստից հետո Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանը հստակ է արտահայտել իր դիրքորոշումը Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության վերաբերյալ:
«Մենք հստակ ենք արտահայտվել դրա մասին, ես ասել եմ նաև Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ, իսկ այն հանդիպումից հետո, որ մենք ունեցել ենք հանձնակատար Ֆյուլեի հետ, հրապարակել ենք Հայաստանի ցանկությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ձևափաչերով և եղանակներով հնարավորինս սերտ և խորը հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ և շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն բոլոր դրականի վրա, որն արձանագրվել է վերջին շրանում Հայաստանի և ԵՄ միջև' բոլոր հնարավորություններով»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանը զարգացնելու է իր հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր կողմերով, որը հնարավոր կլինի Եվրամիության կողմից և չի հակասի Հայաստանի որոշմանը' անդամակցել Մաքսային միությանը: