Վերջին օրերին շուկայում ձվի գնի աճ է նկատվել: Մի շարք խանութներում և սուպերմարկետներում ձուն արդեն վաճառվում է մինչև 78 դրամով՝ նախկին 70–ի փոխարեն:
Ու թեև ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանն ասել էր, թե ամեն ինչ անում են, որ պահանջարկը բավարարեն, և թանկացում չլինի, Ամանորի նախաշեմին սպառողը կրկին ստիպված է թանկ ձու գնել:
Թե ինչով է պայմանավորված այս թանկացումը, Tert.am-ըփորձեց պարզել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից:
«Մենք միայն «Երևան Սիթի»-ին ենք հետևում, որտեղից բնակչության սոցիալապես ավելի ցածր խավն է օգտվում, մնացած խանութների գները չենք կարողանում կարգավորել, այդքան հնարավորություն չունենք: Դրանք թող կարգավորի էկոնոմիկայի նախարարությունը կամ մյուս գերատեսչությունները: Այլ խանութները կարող է՝ «մախինացիաներ» են անում, միջնորդողներ կան և այլն»,-ասաց Ս. Ստեփանյանը՝ ավելացնելով, թե բոլոր խոշոր ֆաբրիկաները («Արաքս», «Արզնի»», «Աշտարակ ձու», «Լուսակերտ»), որոնք գին են որոշում, իրենց ձվերը տալիս են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին:
«Մենք որպես չափորոշիչ ընդունում ենք դա: Եթե կտեսնեք, որ այնտեղ գին է բարձրացել, զանգահարեք և ասեք, որ գին է բարձրացել, մենք շատ օպերատիվ կպատասխանենք ձեզ»,-ասաց թռչնաբույծների միության նախագահը:
Նրա խոսքով՝ ձվի ամենաբարձր գինը խանութում պետք է լինի 75 դրամ, բացթողման գինը 63 դրամն է. «Մենք խանութի հետ գործ չունենք, թե խանութը ինչքան եկամուտ է ակնկալում, դա իր գործն է»:
Սերգեյ Ստեփանյանը հավաստեց, որ Նոր տարվա նախաշեմին ձվի գնի բարձրացում չի նախատեսվում: Նա նաև նշեց, որ իրենք չեն էլ ձգտում, որ բարձրացում լինի, որովհետև ձվի՝ օրվա պահանջարկը իրենք ապահովում են, դեռ «մի բան էլ ավել են ապահովում»:
«Եթե պահանջարկն ապահովում ենք, էլ ո՞նց կարող է գնի բարձրացում լինել»,-զարմացավ Ս. Ստեփանյանը և հավելեց. «Ուսումնասիրության արդյունք է, դա ո´չ ես եմ ասում, ո´չ էլ՝ դուք, որ մի ընտանիքը Նոր տարվա նախաշեմին իր սովորական չափաբաժնից 15 ձու ավել է օգտագործում: Հիմա օրական 857 հազար հատ ձու ենք հանձնում սպառողին: Ամանորի կապակցությամբ նախատեսվում է 3,5 միլիոն ձու ավել ապահովել, այսինքն՝ դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը մենք ապահովում ենք այդ քանակը: Մեր ամենապարզ հաշվարկներով՝ խնդիր չենք ունենալու»:
Սերգեյ Ստեփանյանը նաև՝ ասաց, որ սեպտեմբերին ձվի խնդիր ունենալը պայմանավորված էր ածանների գլխաքանակի պակասով, հիմա այդ խնդիրը լուծված է:
Հարցին, թե՝ կարո՞ղ են ձվի քանակն այնքան ավելացնել, որ հնարավոր լինի նաև՝ արտահանել, Ս. Ստեփանյանը պատասխանեց. «Ձու չենք արտահանում, վերջին արտահանումը եղել է 2009 թ. դեկտեմբերին՝ Վրաստան»: