Հայաստանում ձվի առաքմամբ զբաղվողները մեծ ազդեցություն են ունենում գնագոյացման վրա: Այդ մասին ապրիլի 14-ին հրավիրած ասուլիսում հայտնեց «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը: «Արտադրողների ապրանքը շուկայում իրացնողները այսօր բավական կազմակերպված ուժ են: Հնարավոր է, որ մեծ մասը դաշտում չեն գործում՝ խոսքս առաքիչների մասին է, բայց նրանք մի ուժ են, որ շուկայում գնագոյացման ուղղո ւթյամբ բավական ազդեցություն ունեն, նույնիսկ թելադրում են շատ դեպքերում»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ արտադրողի մոտից ձուն մինչև խանութ տանելու գործում խնդիր կա, և միշտ էլ գտնվում են միջնորդ օղակներ, որոնք ազդում են գնագոյացման վրա: «Հարցը հիմա այն է, որ մենք ուղղակի կապի մեջ մտնենք վաճառողի հետ»,- ասաց Ստեփանյանը: Նա դեպք հիշեց, երբ դեկտեմբերին խանութից գնված ձուն Մալաթիայի շուկայում վաճառում էին 5 դրամով ավելի թանկ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր ընկերությունների առաքիչները հանդիպում են և որոշում են գնային քաղաքականությունը: Լրագրողները նկատեցին, որ այդ դեպքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անելիքներ ունի:

 

Հայաստանում օրական արտադրվում է մինչև 1 միլիոն 80 հազար հավկիթ, իսկ սպառվում է 850 հազար հատ: Թռչնաբուծարանների կողմից ձվի բացթողման գինը 58-60 դրամ է, ինքնարժեքը՝ 44-45 դրամ: