Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հունվարի 15-ին պաշտոնական այցելությքամբ ժամանել է Բուլղարիա, և ուղևորվել Բուլղարիայի նախագահական պալատ, ուր նրան ընդունեց նախագահ Ռոսեն Պլևնելիևը։ Ողջունելով Հայաստ անի արտգործնախարարին' Բուլղարիայի նախագահը նշել է, որ բուլղար և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Սոֆիան շահագրգռված է երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։ Նախագահ Պլևնելիևն ընդգծել է, որ Բուլղարիան հպարտանում է իր հայազգի զավակներով, ովքեր լուրջ ներդրում են ունեցել երկրի բարգավաճման գործում և այսօր էլ շարունակում են կարևոր դեր խաղալ Բուլղարիայի հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքում։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' նախարար Նալբանդյանը նախագահ Պլևնելիևին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։

 

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկուստեք պատրաստակամությունը' նոր լիցք հաղորդելու հայ-բուլղարական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։ Որպես հեռանկարային բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, տուրիզմը։

 

Բուլղարիայի նախագահը ներկայացրել է իր երկրի եվրոպական քաղաքականությունը, երկրի տնտեսական զարգացման նպատակով իրականացվող բարեփոխումները։

 

Նախագահ Պլևնելիևը և նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

 

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Բուլղարիայի նախագահն իր երկրի աջակցությունն է հայտնել եռանախագահների գործունեությանը' համոզմունք հայտնելով, որ հիմնահարցն ունի միայն խաղաղ հանգուցալուծում։ «Ես համոզված եմ, որ խաղաղությունը պայմանավորված է բոլորի կողմից միջազգային հանձնառություններին հավատարմությունից։ Զենքի օգտագործումը վկայում է փաստարկների պակասի մասին», - ընդգծել է Բուլղարիայի նախագահը։

 

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Բուլղարիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի հետ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել բուլղարական իշխանություններին' հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար' նշելով, որ նրանց նախնիներից շատերը Բուլղարիա են եկել 100 տարի առաջ՝ մազապուրծ լինելով Ցեղասպանությունից։

 

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել անցյալ տարվա ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանի կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության կապակցությամբ։

 

Հանդիպմանը կարևորվել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվել են միջխորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։

 

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է խթանել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերը: Ցեցկա Ցաչևան վերահաստատել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին Բուլղարիա այցելելու հրավերը և հույս հայտնել, որ հնարավոր կլինի այցն իրականացնել այս տարվա ընթացքում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը կնպաստի Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանը:

 

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը և այդ առումով արժևորել իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան-Բուլղարիա խմբի ղեկավար Մանվել Բադեյանի ներկայությունը։

 

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

 

Նույն օրը կայացել են Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դանիել Միտովի բանակցությունները, որոնք մեկնարկել են դեմ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցությամբ։

 

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին' Դանիել Միտովը նշել է, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարեկամական, դրանք գալիս են դարերի խորքից։ Նա խորհրդանշական է համարել, որ դեռևս միջնադարում մի քանի բուլղար թագավորներ ամուսնացել են հայուհիների հետ։ «Բուլղարները և հայերը ուս ուսի պայքարել են բալկանյան մի շարք պատերազմներում։ Հայաստանը հանդիսանում է Բուլղարիայի կարևոր միջազգային գործընկեր և վաղեմի բարեկամ: Այսօրվա այցը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին և հնարավորություն ընձեռում քննարկելու նոր ծրագրեր», - ասել է Դանիել Միտովը։

 

Շնորհակալություն հայտնելով Սոֆիա այցելելու հրավերի համար' Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր պատմական սերտ կապերը Բուլղարիայի հետ' հիմնված մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և մշակութային կապերի, ընդհանուր ճակատագրի և փոխադարձ համակրանքի վրա:

 

Նախարարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով նոր խթան հաղորդել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և հավելյալ ջանքեր ներդնել' համագործակցության առավել խորացման և զարգացման համար: «Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք գործնական քայլեր ձեռնարկել' մեր փոխգործակցությանը նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ», - շեշտել է Հա յաստանի արտգործնախարարը։

 

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Մտքեր են փոխանակվել իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, միջխորհրդարանական կապերի զարգացման, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։

 

Այս առումով Բուլղարիայի արտգործնախարարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություն է հանդիսանում Սև ծովը և Հարավային Կովկասը կապող տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը, դրա ներուժի օգտագործումը:

 

Եվրոպայի խորհրդում Բուլղարիայի նախագահության համատեքստում քննարկվել են բուլղարական նախագահության առաջնահերթությունները:

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին: Նախարար Միտովը վերահաստատել է Բուլղարիայի աջակցությունը ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի' ուկրաինական ճգնաժամի, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրագործման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես' սիրիական ճգնաժամի շուրջ:

 

Էդվարդ Նալբանդյանը Դանիել Միտովին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն' ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։

 

Հայաստանի արտգործնախարարն իր բուլղարացի գործընկերոջը հրավիրել է Երևան:

 

Նախարարների հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։

 

Բուլղարիայի արտգործնախարարը պաշտոնական ընթրիք է տվել Հայաստանի ԱԳ նախարարի պատվին։

 

Բուլղարիայի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բուլղարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին: Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը միտված' խորհրդարանական բարեկամության խմբի անդամների գործունեությունը և նախաձեռնությունները:

 

Հունվարի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել բուլղարահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է իր այցի նպատակները, ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել է բուլղարահայերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցերի։

 

Հայաստանի արտգործնախարարը նշել է. «Մեծ հպարտություն է բոլոր հանդիպումների ընթացքում լսել Բուլղարիայի ղեկավարների կողմից հայ համայնքի վերաբերյալ հնչեցված բարձր գնահատականները երկրի կյանքում բուլղարահայերի դերի և կշռի մասին»: